Իրանը թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը չի հանդուրժելու. ԻԻՀ ԶՈՒ
Իրանի զինված ուժերի մամուլի քարտուղար Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ իրենք Լեռնային Ղարաբաղում հակամարտող երկու կողմերին էլ հարգում են։ Ինչպես փոխանցում է khabaronline-ը, Շեքարչին նշել է. «Քանի որ Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունի, Իսլամական Հանրապետության համար իր սահմանների և սահմանամերձ շրջանների քաղաքացիների անվտանգությունն առաջնահերթություն է։ Երկու երկրները պետք է շատ զգույշ լինեն, քանի որ Իրանի նկատմամբ ամենափոքր ոտնձգությունն էլ վճռական արձագանքի է արժանանալու։ Ցանկացած տեսակի սպառնալիքին դիմակայելու համար մենք շատ լավ պատրաստվածություն ունենք։ Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերից մեր պահանջն այն է, որ թաքֆիրի ահաբեկիչների համար տեղ չբացեն տարածաշրջանում»:
Նա ընդգծել է, որ թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը Իրանի համար անհանդուրժելի է, և Իսլամական Հանրապետությունը որևէ պատրվակով նրանց ներկայությունը չի հանդուրժելու։ «Մյուս կարևոր հանգամանքը սիոնիստական ռեժիմի լրտեսական բազաների առկայությունն է, մենք որևէ դեպքում թույլ չենք տա, որ մեր սահմանների մոտ ու հակամարտության գոտում այդ ռեժիմի բազաներ ստեղծվեն։ Այդ երկու հարցը մեզ համար շատ սկզբունքային է, հակամարտող երկրներն այդ խնդրին պետք է լրջորեն ուշադրություն դարձնեն։
Հակառակ դեպքում՝ դրա հետևանքների պատասխանատվությունը կրելու է այն երկիրը, որը թաքֆիրիների և սիոնիստական վարձկանների ներկայության համար տեղ է բացում, և Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դիմակայելու է այդ չարագործ երևույթներին»,- շեշտել է Իրանի ԶՈՒ խոսնակը։