Արցախի ՄԻՊ-ը տեղեկություններ ունի հակառակորդի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ
Շատ պետությունների շահերից չի բխում, որ Թուրքիային և Ադրբեջանին ուղիղ ճնշման տակ պահեն և պատժամիջոցների ենթարկեն Արցախի դեմ կատարած ռազմական հանցագործությունների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն՝ ընդգծելով, որ սա միջազգային մարդասիրական իրավունքի ճգնաժամ է:
«Ընդհանրապես, աշխարհի այլ վայրերում էլ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը լրջորեն ոտնահարվում են և միշտ միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային իրավունքի պահպանման մասով գործնական քայլերի պակաս տարբեր տեղեր եղել է: Եվ այդ գործնական քայլերի ապահովման համար քաղաքական և աշխարհաքաղաքական շահեր են անհրաժեշտ լինում, որպեսզի խոշոր պետությունները և միջազգային կազմակերպությունները կարողանան արդյունավետ գործել»,- ասաց Բեգլարյանը:
Հարցին, թե այս դեպքում ինչ նշանակություն ունի Ժնևյան կոնվենցիան և մյուս մարդասիրական կոնվենցիաները, որոնք միջազգային հանրությունը ամրագրում է, իսկ իրական կյանքում մնում են տեսական դրույթներ, Բեգլարյանը պատասխանեց, որ ինքն էլ նույն հարցն ունի միջազգային հանրությանը:
«Իմ պահանջն է միջազգային հանրությանը, որ առավելագույնս գործնական քայլելով ստիպեն Ադրբեջանին և Թուրքիային, որպեսզի իրենք հարգեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Իհարկե, նաև պետք է պարտավորեցնել, որ պատերազմական գործողություններն էլ դադարեն, քանի որ սա էլ դեմ է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին: Ամեն դեպքում որպես եզրահանգում ասեմ, որ որքան էլ միջազգային հանրության ներկայացուցիչները մարդկայնորեն ցավում են մեր ողբերգության ու տեղի ունեցող հանցագործությունների համար, սակայն լրջագույն կամ գործնական քայլեր չենք տեսնում նրանց կողմից: Այդ պատճառով մեր եզրահանգումն այն է, որ մենք առավելագույնս պետք է հույս դնենք ինքներս մեր ուժի, ինքներս մեր զինվորական խիզախության և կարողության վրա, որպեսզի մեր դիրքապահ տղաները ապահովեն խաղաղությունը, ինչպես նաև երաշխավորեն, որ այստեղ հանցագործությունները չշարունակվեն»,- ընդգծեց Բեգլարյանը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ քաղաքացիական անձանց մահվան վերաբերյալ արձանագրված թվերը շարունակում են աճել:
Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություններ ունի նաև հակառակորդի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ:
«Նոյեմբերի 5-ին Ադրբեջանը շարունակել է քաղաքացիական բնակավայրերի և բնակելի հատվածների թիրախավորումը, այդ թվում՝ նաև մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչի հետևանքով քաղաքում երեք քաղաքացիական անձանց մահ է արձանագրվել: Մասնավորապես՝ մեկ ընտանիք, տատիկը և երկու թոռնիկները սպանվել են ադրբեջանական հրթիռի հարվածից, ինչի հետևանքով նաև ամբողջ տունը ավերվել է: Սա հերթական հանցագործությունն է ադրբեջանական զինված ուժերի կողմից, քանի որ ակնհայտ է, որ նրանք թիրախավորում են դիտավորյալ կերպով բնակելի տարածքները, որոնք բավականին մեծ հեռավորության վրա են գտնվում ռազմական որևէ օբյեկտից: Եվ այս ձեռագիրը շարունակվում է 40 օր շարունակ՝ բազմաթիվ բնակավայրերում, ու արդեն զոհերի քանակը առնվազն 49-ն է, առնվազն 157 վիրավորներ, չհաշված, որ 17 հազար քաղաքացիական շինություն ավերվել է ամբողջությամբ կամ լրջորեն վնասվել է: Սա բավականին համեստ թվեր են, այդ թվում զոհերի առումով էլ: Այլ տեղեկություններ ունենք, որոնք դեռևս ճշտում ենք: Հատկապես այն բնակավայրերում, որոնք Ադրբեջանական վերահսկողության տակ են անցել, արձանագրվել են քաղաքացիական զոհեր նույնպես»,- ընդգծեց Բեգլարյանը:
Արցախի ՄԻՊ-ի կարծիքով՝ այս բոլոր հանցագործությունների և մի շարք այլ հանցագործությունների, այդ թվում՝ մարդկային վերաբերմունքի առումով, լրագրողների, հատուկ պաշտպանության ներքո գտնվող օբյեկտների թիրախավորման առումով միջազգային հանրությունը շարունակում իր կուրության և լռության քաղաքականությունը, որի հետևանքով հանցագործությունները շատ ավելի ընդգծված են լինում, շատ ավելի մեծածավալ են լինում և Ադրբեջանը որևէ կերպ զերծ չի մնում հանցագործություններից պատերազմական գործողությունների ընթացքում:
Վան Նովիկով