Երբևիցե այնքան պարտադիր չի եղել հակահամաճարակային միջոցառումների կիրառումը, որքան՝ այսօր. պետք է զինվորին հեռու պահել կորոնավիրուսից, բժշկին՝ պահել միայն զինվորի համար. վարակաբան. tert.am
Երբևիցե այնքան պարտադիր չի եղել հակահամաճարակային միջոցառումների կիրառումը, որքան այսօր՝ պատերազմի ժամանակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքն սպասելի էր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ՀՀ-ում, բայց այսպիսի ահագնացումը սպասելի չէր, քանի որ ավելացավ նաև ռազմաճակատում տիրող իրավիճակը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով կորոնավիրուսի արագ տարածման համար:
«Կամավորների մեծ հոսք՝ դեպի Արցախ, մեծ թվով արցախցիների տեղափոխում՝ Հայաստան, առաջնագծի համար անհրաժեշտ պարագաների հավաքում մեծ խմբերի կողմից. այս բոլորը հանգամանքներ էին, որ համարվում են կորոնավիրուսի արագ տարածման համար անհրաժեշտ պայմաններ»,-նշեց նա՝ ընդգծելով, որ բոլոր այս գործողությունները չէին ուղեկցվում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:
«Պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները՝ զինվորին հեռու պահելով կորոնավիրուսից և բժշկին պահելով միայն զինվորի համար: Հենց պատերազմի ժամանակ մենք պետք է ավելի զգոն լինենք զինորների համար: Կորոնավիրուսի թվերի շատ արագ աճ եղավ, և հիմա, չնայած բժշկական կենտրոնները նորից վերապրոֆիլացվեցին կորոնավիրուսի դեմ պայքարի համար, օրեր են լինում, երբ 400-500 վարակակիր սպասում է հոսպիտալիզացիայի՝ հիվանդանոցներում տեղեր չլինելու պատճառով»,-ասաց Ղազինյանը՝ անընդունելի համարելով պատերազմի ժամանակ քաղաքացիների կողմից կորոնավիրուսի հանդեպ անտարբերություն դրսևորելը:
«Անընդունելի է երիտասարդների անհոգ պատասխանը, թե «պատերազմ է, ինչ դիմակ»,-նշեց վարակաբանը՝ ընդգծելով, որ հակահամաճարակային մյուս կանոնները՝ ձեռքերի հաճախակի ախտահանումն ու սոցիալական հեռավորության պահպանումը ևս պակաս կարևոր չեն:
«Բոլորս պետք է լինենք «մեր» սահմանին. դա նշանակում է՝ ճիշտ պահվածք, որը թելադրում է պանդեմիան: Բժիշկներն աշխատում են 24/7 ռեժիմով: Մեր երկրում կորոնավիրուսից մահացության թվերը շատ բարձր չեն, ինչը բուժաշխատողների 24-ժամյա աշխատանքի շնորհիվ է, հետևաբար պետք է անել ամեն ինչ՝ նրանց ծանրաբեռնվածությունը հնարավորինս թեթևացնելու համար, այդ թվում՝ պատասխանատվության ենթարկել հակահամաճարակային կանոնները չպահպանող քաղաքացիներին»,-ասաց Հասմիկ Ղազինյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: