
Մհեր Գրիգորյանը ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում վերահաստատել է` ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագությունն է

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
«Ադրբեջանական կողմի հայտարարությունների հետ կապված՝ պետք է հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափը, որն օժտված է միջազգային հանրության մանդատով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է` Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների տեսքով»,- ասել է Գրիգորյանը:
Փոխվարչապետը նշել է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Ադրբեջանը հրթիռակոծում և ռմբակոծում է Արցախի բոլոր քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտն ու մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին, քաղաքացիական ենթակառուցվածքները, բժշկական հաստատությունները, դպրոցները, մանկապարտեզները, կրթաշմակութային և կրոնական հուշարձանները:
«Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, բազմաթիվ երկրների ղեկավարների ու միջազգայն հեղինակավոր կազմակերպությունների կոչերին, Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է և շարունակում է խախտել կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշել է փոխվարչապետը: