«Ամեն գրող և մտավորական չէ, որ աշխարհի դարդը կամ որևէ տեղի ցավը համարում է իր ցավը»․Էդվարդ Միլիտոնյան
Ազատատենչ Արցախի հողում սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիան՝ չնայած անհապաղ հրադադարի հաստատման կոչերին ու պահանջներին, շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի՝ նույն ուժով և ինտենսիվությամբ։ Վարձկան ահաբեկիչների, թուրքական հատուկջոկատայինների, ժամանակակից ամենամահաբեր զենքերի ու զինատեսակների կիրառմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը ջանում է ամեն գնով հասնել պատմական Արցախը հայաթափելու, հազարամյա բնիկ ժողովրդին բնաջնջելու իր հրեշավոր նպատակին։ Ավելին՝ չկարողանալով իրականացնել բլից-կրիգի իր ծրագիրը, սկսել է դիմել ամենաանմարդկային միջոցների՝ անխնա ռմբակոծելով Արցախի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, խաղաղ բնակչության դեմ կիրառելով միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներ՝ կասետային, ֆոսֆորային ռումբեր, վիժեցնելով Միջազգային Կարմիր Խաչի միջնորդությամբ, զոհվածների մարմինների, վիրավորների ու գերյալների փոխանակման մարդասիրական գործընթացը, որոնք օր օրի ավելի իրական են դարձնում մարդկային ու բնապահպանական աղետի բռնկումները տարածաշրջանում։
Նկատի ունենալով այս ամենը՝ Հայաստանի Գրողների միությունը դիմել է աշխարհի բոլոր խաղաղասեր ու արդարասեր պետություններին, ժողովուրդներին և մտավորականներին՝ իրենց ձայնը բարձրացնելու Մեծ Աղետի կանխման և բազմաչարչար Արցախի հողում խաղաղության հաստատման համար։
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասում է՝ կարևորն արտասահմանյան գրողներին տիրող իրավիճակի մասին տեղեկացնելն է, իսկ ինչ վերաբերում է իրենց հայտարարության արձագանքին, նա նկատեց․
«Ինչպես միջազգային կառույցներն են Մարդու իրավունքների պաշտպանին ու մյուսներին արձագանքում, այնպես էլ՝ գրողները, բայց մարդիկ գոնե տեղեկանում են կատարվողի մասին։ Ամեն գրող և մտավորական չէ, որ աշխարհի դարդը կամ որևէ տեղի ցավը համարում է իր ցավը։ Միշտ մտածում են, թե լավ, եթե ես սրան պաշտպանեցի, պետք է թշնամանա՞մ մյուս երկրի հետ՝ Ադրբեջան, Թուրքիա և այլն։ Այս հաշվարկները միշտ կան։ Ես փոքրուց շփվել եմ միջազգային գրողների հետ, գիտեմ, որ իրենք չեն ուզում կորցնել այդ հնարավորությունները, դա մարդկային էլ է։ Այնպես չէ, որ ասես՝ դե մեզ սիրեք, ուրիշին չէ։ Այդպես չէ։ Բոլոր մարդիկ էլ փոքրիկ հաշվարկներ են անում, ամեն դեպքում չեն ուզում երևի թե իրենց կապերը նաև մյուս երկրների հետ խզել։ Մեղադրել պետք չէ, բայց պարտավոր ենք աշխարհին ճշմարտությունը ներկայացնել, ով արձագանքի կամ հետո որևէ բան գրի, դա արդեն իր խնդիրն է»։
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծում է՝ այսօր շատ գրողներ են առաջնագծում, շատերն էլ մասնակցում են, առաջնորդում Երևանում դեսպանատների, ՄԱԿ-ի մոտ հաճախ կատարվող բողոքի ակցիաները։
«Նրանցից մեկը երիտասարդ գրող Սոնա Համբարձումն է։ Բոլորն առաջին գծում են, մի մասը՝ սահմանին, մյուս մասն էլ՝ թիկունքում»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը։
Հարցին՝ սահմանին գտնվող գրողները, ովքեր հետագայում գրի կառնեն ու կներկայացնեն ռազմի դաշտում կատարվողն ու պատերազմական իրավիճակը, նրանց օժանդակող որևէ նախաձեռնություն կլինի՞, Գրողների միության նախագահը պատասխանեց․
«Ունենք նման նպատակներ։ Անպայման մտածում ենք հավաքել լավագույն գործերը, իհարկե, այդ ամենը պատերազմի ավարտից հետո։ Կտեսնենք, թե ինչ հետաքրքիր քայլեր կարելի է անել»։
Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ իրենք նաև նյութական օժանդակություն են ցուցաբերում, ինչպես նաև օգնել են Արցախից ժամանակավոր տեղափոխված ընտանիքներին՝ շուրջ 90 հոգու, որոնք հաստատվել են Ծաղկաձորի Ստեղծագործական տանը։
«Մեր բոլոր զինվորներին ես մաղթում եմ առողջություն, անփորձանք լինեն։ Ամբողջ ժողովուրդն իրենց սիրում է, նրանց հերոսական արարքները փառավորում ու դրանով է ապրում՝ սպասելով սխրանքների։ Այսօրվա պատերազմը նաև գիտության պատերազմ է։ Պետք է մեր վերաբերմունքը թեքվի դեպի նոր տեսակի ռազմական գիտահենք արտադրություն»,- եզրափակեց ՀՀ Գրողների միության նախագահը: