«Գիտեմ, որ թշնամին լավ զինված է, բայց նրանք ուղեղ չունեն, անուղեղ են, դրանց առհասարակ պետք է տանեն, լցնեն Արաքսը՝ հողը տան վրաները». Կամավորական

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից սկսած Արցախյան պատերազմից ժամեր անց, բազմաթիվ կամավորականներ արդեն զինկոմիսարիատների մոտ էին՝ պատրաստ կամավորագրվելու հայրենիքի սահմանները պաշտպանելու համար։ Այդ կամավորներից մեկն էլ մարմարաշենցի Վարդան Հարությունյանն է:

Սեպտեմբերի 27-ին առավոտյան, լուրերով լսելով, որ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվել է Արցախի վրա, Վարդան Հարությունյանն անմիջապես որոշել է, որ պետք է մեկնի Արցախ։ Պատմում է, որ երկու որդիներին երեք ամիս առաջ էր ճանապարհել ծառայության, երկուսն էլ Արցախում են ծառայում, այդ պատճառով էլ որոշել է կամավորագրվել, որպեսզի որդիներին մարտի դաշտում թիկունք լինի։

Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 13-ը նա որդիների հետ մեջք մեջքի տված կռվել է թուրք ահաբեկիչների դեմ, սակայն հոկտեմբերի 13-ին ծանր վիրավորում է  ստացել, իսկ մեկ շաբաթ անց երկու որդիներն են վիրավորվել։

«Առավոտյան լուրերով լսեցի, տեղս չէի գտնում, միանգամից գնացի Երկրապահ կամավորական միություն ու կամավորագրվեցի։ Տեսա, որ ուշացնում են, ԵԿՄ-ին առաջին մի երկու օրը չէին թողնում, իմ մեքենայով երկու զինվորների ծնողների ու իմ հորեղբոր հետ գնացինք։ Սկզբից չկարողացանք երեխեքին գտնել, նրանց գտնվելու վայրի մասին չէին ասում, մի երկու օր ճանապարհներին մնալուց հետո գտանք, ինչպես ասում են՝ «պոչը բռնեցինք»։ Հորեղբորս համոզեցի, ասի՝ գնա, մենք երկու ջահելներով գնացինք, հասանք երեխեքին։ Հորեղբայրս էլ իր ընկների հետ ուրիշ ճակատ գնաց»,- 168.amի հետ զրույցում պատմում է Վարդան Հարությունյանը։

Սկզբում նրա որդիները՝ Սարգիսը և Հովհաննեսը, զանգահարել ու ծնողներին հուսադրել են՝ ասելով, որ չմտահոգվեն, իրենց առաջնագիծ չեն տարել՝ զորամասում են, որևէ վտանգավոր բան չկա։ Սակայն երեկոյան Վ. Հարությունյանն արդեն տեղեկացել է, որ երկու որդիներն էլ առաջնագծում են։

«Հայրս ու մայրս մեծ են, ասեցին՝ երկու զինվոր արդեն ունենք սահմանում, դու ո՞ւր ես գնում, ասեցի՝ գնում եմ երեխեքիս մոտ։ Սկզբում բոլորը գիտեին, որ տղաները զորամասում են։ Հոկտեմբերի 13-ին ես վիրավորվեցի, մեկ շաբաթ հետո էլ՝ երկու որդիներս։ Լավ կլինեմ, էլի, կարևորը՝ դուխս տեղն է։ Վիրավորվելու գիշերը ծնունդս եմ նշել, 24։00-ին երեխեքն իմ համար ծնունդ կազմակերպեցին, երգեցին, նստեցինք մի կտոր հաց կերանք, առավոտյան վիրավորվեցի։ Ինտենսիվ կրակ էր, թշնամին ուզում էր առաջ գալ, այդ պահին տղերքին ասեցի՝ բոլորդ խրամատ մտեք, ես կրակեցի, նույն պահին ուղիղ զենքիս խփեցին, սնարյադն եկավ վրան ընկավ, մինչև գլխի ընկա, արդեն մարմնիս մի մասը խրամատի ներսում էր, մի մասը մնացել էր խրամատից դուրս։ Բայց գիտակցությունս չեմ կորցրել, երեխեքին ասել եմ՝ հանկարծ չվախենաք, դուխներդ տեղը կպահեք, պետք է հաղթենք։

Տղերքի դուխն իրենց ուտում է, առյուծի նման կռվում էին, ես էլ որ իրենց հետ էի՝ ավելի էին ոգևորվել, հալալ է էդ երեխեքին։ Մենք պետք է հաղթենք, այլ շանս չունենք, չեմ պատկերացնում, որ պետք է պարտվենք։ Գիտեմ, որ թշնամին լավ զինված է, բայց նրանք ուղեղ չունեն, անուղեղ են, դրանց առհասարակ պետք է տանեն, լցնեն Արաքսը՝ հողը տան վրաները»,- նշում է Վարդան Հարությունյանը։

Նա ափսոսում է, որ մինչև վերջ չի կարողացել կանգնել առաջնագծում, մխիթարվում է  միայն նրանով, որ այդ ընթացքում գոնե 200 թուրք սպանած կլինի։ Ասում է՝ չնայած երկու որդիները վիրավոր վիճակում հիվանդանոցում են, բայց եթե թույլ տան, հենց վաղն էլ կվերադառնան առաջնագիծ, քանի որ առաջնագծում կանգնած ընկերների մասին են մտածում։

«Տղաներիցս մեկը կանտուզիա է ստացել՝ չի լսում, ձեռքից է վիրավորվել, բայց կդզվի, լսողության հետ խնդիրներ կունենա, բայց ոչինչ, այնպիսի բաներ ենք տեսել, որ այդ ամենը չարյաց փոքրագույնն է։ Մյուս տղաս էլ ուսից է վիրավոր, նույնիսկ ինքը սկզբում չի էլ իմացել, որ վիրավոր է, ախպորն ու ընկերներին տարել, հասցրել է շտապօգնության մեքենային, վերջին րոպեին նոր զգացել է, որ թևը լավ չի շարժում, ու ամբողջ ձեռքն արյուն է, միանգամից իրեն էլ են տեղավորել շտապօգնության մեքենայում։ Ամենադաժան լուրը, որ ասեցին՝ երեխեքիս վիրավորելն էր, որ ասեցին՝ տղերքին բերում են Երևան, մտածեցի՝ էդ է, էլի… մինչև հետները չխոսեցի՝ չհանգստացա։ Հենց երեխեքիս տեսա, ասեցի՝ ժողովուրդ, ինձ ասեք՝ աչքդ լույս, թե չէ իմ մասին չեմ էլ մտածում, կդզվեմ, փառք Աստծո, Աստված մեծ է»,- ասում է նա։

Վարդան Հարությունյանի երրորդ տղան՝ Գրիգորը, դեռ չափահաս չէ, երբ չափահաս դառնա, ինչպես հայրն է ասում՝ անպայման պետք է ծառայի՝ անկախ ամեն ինչից։

«Ես չեմ վհատվում, նույնիսկ բժիշկներին եմ դուխ տվել, հիվանդանոցում հոգեբանն եկավ ինձ մոտ, ասեց, որ պետք է ինձ ոչ թե պալատում պառկեցնեն, այլ հիվանդանոցի միջանցքում, որ բոլորին դուխ տամ։ Նույնիսկ վիրավոր ինձ հասցրել են Ստեփանակերտի հիվանդանոց, գոռացել եմ, որ՝ ժողովուրդ, հաղթելու ենք։ Մի զինվոր կար հետս, ասել եմ՝ առաջինն իրեն իջեցրեք, բայց լավ չեղավ՝ երեխեն սեղանի վրա մնաց, իմ վրա շատ ազդեց… Փառք եմ տալիս Աստծուն, որ տղերքս վիրավոր են, բայց իմ կողքին են։ Մենք պետք է հաղթենք, պարտվելու շանս չունենք, ինչ գնով ուզում է լինի, պետք է հաղթենք»։

Բժիշկները Վարդան Հարությունյանին ասել են, որ 40-50 օրից վիճակը կբարելավվի, բայց այսօր ոչ թե իր առողջականի մասին է մտածում, այլ երկու որդիների, բոլոր վիրավոր տղաների, սահմանին կանգնած զինվորների մասին, ասում է՝ բոլորն իր տղաներն են։

Տեսանյութեր

Լրահոս