
Թրյուդոն և Մակրոնն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին երկխոսության և դիվանագիտության կարևորությունը: Ինչպես հայտնում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը, ԼՂ հիմնախնդրին երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են հեռախոսազրույցի ընթացքում:
«Վարչապետն ու նախագահը մտքեր են փոխանակել գլոբալ հարցերի շուրջ, ինչպիսիք են Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում առկա լարվածությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում երկխոսության և դիվանագիտության կարևորությունը: Երկու առաջնորդներն ընդգծել են իրենց հանձնառությունը միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն, G7-ը և G20-ը, համատեղ աշխատանքի շարունակմանը և ընդհանուր առաջնահերթությունների խթանմանը, ինչպիսիք են միջազգային խաղաղության և անվտանգության պաշտպանությունը և կլիմայի փոփոխության դեմ պայքարը»,- ասված է հաղորդագրությունում: