Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների նամակը Էմանուել Մակրոնի

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի անդամները նամակով դիմել են  Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնին։ Նամակում ասված է․

«Պարոն Նախագահ,

Մենք՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՈՒՖԱՌ) շրջանավարտներս, կրթվել ենք Ֆրանսիայի կողմից, որը ՈՒՖԱՌ-ի միջոցով իր ներդրումն է ունենում հայ երիտասարդության ուսումնառության մեջ: Նույն երիտասարդության, որն այսօր սպանվում Ադրբեջանի կողմից:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ հայերը բախվում են Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած աննախադեպ ագրեսիայի: Սույն հարձակումը տեղի է ունենում Covid-19 համավարակի համատեքստում, մինչդեռ Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ էր արել աշխարհում համընհանուր զինադադար հաստատել: Այս պատերազմն ուղեկցվում է միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով. ադրբեջանական ուժերը միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական հաստատություններ, մասնավորապես դպրոցներ ու հիվանդանոցներ, միևնույն ժամանակ օգտագործելով միջազգային օրենքով արգելված զենքեր, մասնավորապես՝ կասետային և ֆոսֆորային զինամթերք: Սույն պատերազմը հղի է ժողովրդագրական, տնտեսական և առողջապահական ճգնաժամի, ինչպես նաև զանգվածային արտագաղթի հետևանքներով :

Մինչ օրս մեր հազար հարյուր յոթանասունյոթ հայրենակից, այդ թվում՝ ՈՒՖԱՌ-ի համայնքի չորս երիտասարդ ներկայացուցիչ, հերոսաբար ընկել են մարտական գործողություններում: Պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում արդեն կա քառասունվեց զոհ և հարյուր քառասունմեկ վիրավոր: Վերոգրյալ աղետալի թվերին ավելանում են նաև Ղարաբաղի ավելի քան յոթանասուն դպրոցական հաստատությունների ռմբակոծության արդյունքում ներկայումս կրթության իրավունքից զրկված քսանչորս հազար երեխաները:

Պարոն Նախագահ, դուք առաջին օտարերկրյա ղեկավարն եք, ով դատապարտեց այս հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների ներգրավվածությունը և մատնանշեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից կատարած առաջին հարվածների անհիմն լինելը: Օգտվելով առիթից, շնորհակալություն ենք հայտնում փաստերի վրա հիմնված այս ճշմարտությունները բարձրաձայնելու համար: Հիրավի, Հայաստանի և Ղարաբաղի խաղաղ բնակչությունը մտադրություն չուներ պատերազմելու և ամենևին չի ցանկանում այն շարունակել: Մենք միայն մեկ բան ենք ցանկանում` խաղաղ ապրել և արարել մեր նախնիների հողում: Ցավոք, Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շնորհիվ ձեռք բերված երեք զինադադարները խախտած ագրեսորը մերժում է ցանկացած խաղաղ կարգավորում, և իր հարձակումները համատեղում է հայերի հանդեպ ատելության կոչերով:

1915 թ.-ին, երբ սարսափելի հանցագործություն կատարվեց մեր ժողովրդի դեմ, Ֆրանսիան հյուրընկալեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին: Մենք չենք մոռանում ֆրանսիական նավատորմի կողմից Մուսա լեռան վրա հիսուներեք օր հանգրվանած չորս հազար ինսուներկու հայերի փրկությունը: Մենք չենք մոռանում նաև, որ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո, Ֆրանսիան Շառլ Ազնավուրի հետ միասին մոբիլիզացվեց` օգնության ձեռք մեկնելու աղետի գոտու բնակչությանը: Այս բոլոր դրվագները նշանավորեցին մեր երկու ժողովուրդների հարաբերությունների պատմությունը և, կարծում ենք, որ այժմ հայ-ֆրանսիական բարեկամության նոր էջ է գրվում: Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները և Ֆրանսիայի հայերն արդեն իսկ մարդասիրական օգնություն են տրամադրում հակամարտությունից տուժած բնակչությանը, և մամուլում հայտարարվել է կառավարության կողմից նախապատրաստվող օգնության մասին: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մոբիլիզացված են այս կարևոր աշխատանքի համար:

Հաստատապես հավատում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների այն արժեքներին, որոնք պաշտպանում է Ֆրանսիան և որոնք մեզ ուսուցանել են UFAR- ում: Այսժամ միջազգային հանրությունից և, մասնավորապես, Ֆրանսիայից ակնկալում ենք, որ արվի ամենը, որպեսզի այդ արժեքները կրկին չոտնահարվեն:

ՈՒՖԱՌ շրջանավարտների համայնքը խնդրում է Ձեզ

– օգտագործել Ձեր կառավարության տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ռազմական գործողություններին և Թուրքիայի ագրեսիվ միջամտությանը վերջ դնելու համար;

– հետևել, որ միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ ահաբեկչական խմբավորումների հավաքագրմամբ զբաղվող պետությունների դեմ կիրառվեն միջազգային օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները: Այդ թվում խախտումներ, որոնք սակայն չեն սահմանափակվում, ռազմագերիների խոշտանգումներով և սպանություններով, զոհված զինվորների ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով, քաղաքացիական թիրախների` մասնավորապես դպրոցների ու հիվանդանոցների զանգվածային ռմբակոծություններով, արգելված զինամթերքի օգտագործմամբ;

– դիտարկել անջատում հանուն փրկության հիմքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որպես կյանքի հիմնարար իրավունքն ապահովելու միակ հնարավոր երաշխիք:

Վերջում, պարոն Նախագահ, ցանկանում ենք հայտնել Ձեզ մեր խորին ցավակցությունը Ֆրանսիան պատուհասած ահաբեկչությունների կապակցությամբ: Մտքերով մենք զոհերի հարազատների և մեր սիրելի Ֆրանսիայի ժողովրդի հետ են:

Վստահ լինելով ձեր հանձնառության մեջ՝ խնդրում ենք ընդունել, պարոն Նախագահ, մեր հարգանաց հավաստիքը»։

UFAR շրջանավարտների ասոցիացիայի անդամներ

Տեսանյութեր

Լրահոս