Երևանի քաղաքապետարանի ջոկատը Հայկ Մարությանի գլխավորությամբ «վերջերս» մեկնել է Արցախ. խոսնակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կամավորական ջոկատներ ստեղծելու և հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչ էր արել՝ նշելով, որ այն ուղղված է մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։ Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը։
168.am-ը 2 անգամ՝ հոկտեմբերի 26-ին և հոկտեմբերի 31-ին, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվել էր, թե ե՞րբ է Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումը մեկնելու Արցախ: Մի դեպքում ստացել էինք պատասխան, որ ստորաբաժանման կազմավորման գործընթացը մոտենում է ավարտին, մյուս դեպքում՝ Հայկ Մարությանը կրակային պատրաստություն է անցել. ստորաբաժանումը մեկնման պրոցեսի մեջ է:
168.am-ը այսօր ևս քաղաքապետի մամուլի խոսնակից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գործընթացը.
«Երևանի քաղաքապետարանի ջոկատը մեկնել է Արցախ»:
Հարցին, թե ե՞րբ է մեկնել, Կարապետյանը պատասխանեց.
«Վերջերս»:
Ճշտող հարցին, թե քաղաքապետ Հայկ Մարությա՞նն է գլխավորել ստորաբաժանումը, Հակոբ Կարապետյանը պատասխանեց.
«Դուք արդեն 2 անգամ այս թեմայով ինձ հետ զրուցել եք, և ես 2 անգամ ասել եմ, որ Հայկ Մարությանն է գլխավորում ստորաբաժանումը, ինչ-որ անակնկալնե՞ր եք սպասում»:
Մեր պատասխանին, որ ուզում ենք հասկանալ, թե ընդհանուր ստորաբաժանո՞ւմն է գնացել, և Հայկ Մարությանը գլխավորո՞ւմ է այն, թե՞ մի մասն է գնացել, և հնարավո՞ր է հաջորդ խմբի հետ մեկնի, դրա համար ենք ճշտող հարց տալիս, քաղաքապետի խոսնակը պատասխանեց.
«Քաղաքապետ Մարությանն է ղեկավարում ամբողջ ստորաբաժանումը, ստորաբաժանումն արդեն մեկնել է»: