«Հայկ Մարությանը կրակային պատրաստություն է անցել. ստորաբաժանումը մեկնման պրոցեսի մեջ է». Հակոբ Կարապետյան
«Ամեն ինչ իր ընթացքով գնում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ է Երևանի քաղաքապետարանի թիմը՝ քաղաքապետի գլխավորությամբ, մեկնելու Արցախ՝ սահման:
Դիտարկմանը, որ մի կողմից՝ Արցախի և Հայաստանի ղեկավարների մակարդակով կոչեր են հնչում, որ՝ եկեք Շուշի, Արցախ, մյուս կողմից՝ այսքան ձգձգվում է այս պրոցեսը, Հակոբ Կարապետյանը պատասխանեց.
«Երևանի կամավորական ստորաբաժանումը մեկնման պրոցեսի մեջ է: Երբ հրամանատարներն ասում են՝ եկեք Շուշի, դա նշանակում է, որ մարդկանց կոչ են անում, որ իրենք կայացնեն այդ գնալու որոշումը: Հիմա Երևանի կամավորական ստորաբաժանումը համալրվել է ամբողջությամբ, բայց այնպես չէ, որ պետք է նստել ձին, հեծնել և ասել՝ իմ հետևից, և գնալ: Կան կազմակերպչական հարցեր և հենց կամավորական ջոկատն աշխարհազորից կամ զորահավաքից տարբերվում է նրանով, որ կամավորականների որոշակի գործառույթներ հենց ջոկատի ղեկավարության վրա է, անկախ ռազմական գերատեսչություններից, թե՛ ծախսերի առումով, թե՛ կազմակերպչական ասպեկտների առումով»:
Դիտարկմանը, որ մեկնման պրոցես՝ հասկանում ենք, որ այսօր կամ վաղը ստորաբաժանումը մեկնելու է առաջնագիծ, Կարապետյանը պարզաբանեց.
«Արդեն ստորաբաժանման որոշ բաղադրիչները, բաղկացուցիչներն առաջնագծում են, և արդեն հիմնական անձնակազմի մեկնումն են նախապատրաստում»:
Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ ողջ անձնակազմը բուժզննում է անցել: Հետաքրքրվեցինք, թե հետևե՞լ են վարչապետի՝ 10 օր առաջ հրապարակած 6 քայլերին՝
Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի)
Քայլ 2. Ընտրել հրամանատար
Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ
Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում
Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ
Քայլ 6. Հաղթել:
«Այո՛, իհարկե, առանց պատրաստության չենք մեկնելու»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը։
Իսկ ճշտող հարցին՝ քաղաքապե՞տն էլ է մասնակցել կրակային պատրաստությանը, նա պատասխանեց՝ իհարկե:
Քաղաքապետի մամուլի խոսնակը նաև հայտնեց, որ ստեղծվել է Երևան ջոկատի հիմնադրամ, և, որ ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել՝ աջակցելով ջոկատին.
«Հաշվեհամար է բացվել, մենք դեռ կներկայացնենք այն: Բոլոր ցանկացողները կարող են աջակցել ջոկատի ապառազինությանը և մատակարարումների համար անհրաժեշտ աջակցություն տրամադրելու հետ կապված: Այնպես որ՝ ժամանակ կորցնելու և առանց ավելորդ շտապողականության՝ այդ ստորաբաժանումն իր գործն անում է»:
Հիշեցնենք, որ 168.am–ը հոկտեմբերի 26-ին էլ էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվել, թե ե՞րբ է Երևանի քաղաքապետարանի թիմը պատրաստվում մեկնել սահման, ինչին նա պատասխանել էր․ «Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորման գործընթացը մոտենում է ավարտին, ապա հավելել էր, որ Հայկ Մարությանը ևս մեկնելու է ճակատ»: