Հեղափոխությունից հետո քննիչների 70 տոկոսը նոր պահանջները չի գիտակցում․ Սերգեյ Բագրատյան
2021 թվականի պետական բյուջեի նախագծով Քննչական կոմիտեի քննչական ծառայությունների համար նախատեսված է 8․3 միլիարդ դրամ, որը 2020 թվականի հատկացումից ավելի է 9 տոկոսով, քանի որ 49-ով ավելացվել են հաստիքները, վերապատրաստման միջոցառումների համար, ի տարբերություն նախորդ տարվա 17 միլիոն դրամի, 2021 թվականին կհատկացվի 12 միլիոն դրամ, և ավելի քիչ թվով քննիչներ կվերապատրաստվեն, Քննչական կոմիտեի պահուստային ֆոնդին կհատկացվի 107 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 101 միլիոնի փոխարեն, իսկ կրթաթոշակների տրամադրման համար կհատկացվի 33 միլիոն դրամ։
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Քննչական կոմիտեի ծախսային ծրագիրը ներկայացնող ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված այն, որ այս տարի վերապատրաստումների համար նախատեսված գումարը կրճատվել է։
«Ինչո՞ւ չեք պայքարել, որ գումարը չիջնի, որովհետև ձեզ ամենաշատը վերապատրաստումներ են պետք, որովհետև հեղափոխությունից հետո քննիչների 70 տոկոսը նոր պահանջները չի գիտակցում ու դրանց պատրաստ չէ։ Այդ 17 միլիոնը պետք է դարձնեիք 22 միլիոն, և ոչ թե թողնեիք, որ իջնի 12-ի»,- ասաց պատգամավորը։
ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը պատգամավորի դիտարկմանն ի պատասխան՝ նշեց, որ ՔԿ աշխատակիցների վերապատրաստումներն իրականացնում է Արդարադատության ակադեմիան, և այս անգամ առաջնորդվել են ոչ թե՝ որքան շատ, այնքան լավ սկզբունքով, այլ՝ կարևորվել է քննիչների քանակը, զուգահեռաբար՝ ՌԴ կոլեգաները ևս պատրաստակամություն են հայտնել համագործակցել ՀՀ ՔԿ-ի հետ վերապատրաստումների հարցով։