«Վայրկյան անգամ չեն դադարում հրետանու կրակոցները, մերոնք են աշխատում՝ ի պատասխան թշնամու գործողությունների». Դավիթ Բաբայան

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ մեկ անգամ չէ ասել, որ թշնամու կարճաժամկետ ծրագրերից է Շուշիի գրավումը, որի դեպքում, ըստ թշնամու՝ վերջնականապես կարող է փոխվել ռազմական հավասարակշռությունը։

«Այս պահին Արցախում մարտերը շարունակվում են, և ամեն ինչ արվում է, որպեսզի գրեթե ծուղակում հայտնված թշնամու ստորաբաժանումը ոչնչացվի հայկական ուժերի կողմից։ Այս պահին այդ գործողություններն ընթանում են, արվելու է ամեն ինչ, որպեսզի թշնամու առաջխաղացումը Շուշի և մի շարք այլ բնակավայրեր կասեցվի։ Ստեփանակերտում վայրկյան անգամ չեն դադարում հրետանու կրակոցները, մերոնք են աշխատում՝ ի պատասխան թշնամու գործողությունների, սա շատ լավ է, գոտեպնդում է։ Այսինքն՝ Ստեփանակերտում վիճակն այնպես է, ինչպես մարտնչող հերոս մայրաքաղաքում»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Նա ընդգծեց, որ ժողովուրդն ամուր կանգնած է իր դիրքերում և պատրաստակամ մարտնչելու մինչև վերջ։

Անդրադառնալով War gonzo նախագծի «Տելեգրամ»-ի ալիքի տեղեկատվությանը, ըստ որի՝ Թուրքիան Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար հրամանատարությունից ազատել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին, Դավիթ Բաբայանը նշեց, որ դեռևս պաշտոնական տեղեկատվություն այս մասին չկա, բայց պետք է հասկանալ մեկ բան, որ Ադրբեջանի բանակը կորդինացվում և ղեկավարվում է Թուրքիայի կողմից։

«Հիմա սա ռազմական գործողությունների արդյո՞ւնք է, թե՞ Զաքիրը ցանկացել է ինքնուրույնություն ցուցաբերել, և դրա համար են հեռացրել՝ դժվար է ասել։ Կրկնում եմ՝ մենք դեռևս պաշտոնական տեղեկատվություն չունենք նրա պաշտոնից հեռացման մասին, բայց որ Թուրքիան արդեն լրիվությամբ հսկում է նաև Ադրբեջանի զինված ուժերում՝ փաստ է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ War gonzo նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը հղում տալով Ստամբուլում գտնվող սեփական աղբյուրներին՝ նշել էր, որ Թուրքիայի պահանջով պաշտոնից հեռացվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Այս մասին Ադրբեջանը պաշտոնապես դեռևս չի հաստատել։

Տեսանյութեր

Լրահոս