«Մեր երկրում պետք է վերականգնվի և լիարժեք գործադրվի պրոգրեսիվ հարկման մոդելը». Տնտեսագետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բոլոր կանխատեսումներով՝ 2020 թվականը կարող է ավարտվել 6 տոկոս տնտեսական անկմամբ, սակայն հաջորդ տարվա ընթացքում 4-5 տոկոս վերականգնվելու միտումներ կան։
168.am-ը տնտեսագետ Թադևոս Ավետիսյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրատեսական այս գնահատականները և սպասումները՝ հաշվի առնելով առկա անորոշությունները: Ի պատասխան՝ նա նշեց.
«Այս պահին եղած գնահատումները, կարծում եմ, արդեն արձանագրված հետևանքների պարագայում են տրվել: Այսօր գնահատել, թե դա ինչքանով է իրատեսական, կամ՝ ոչ, 50/50 հավանականություն կա: Դա կախված է, թե ինչպիսի զարգացումներ մենք կունենանք և երկու հիմնական այս մակրոուղղություններով ազդեցություն: Առաջնայինն արդեն համարվում է պատերազմական իրավիճակը, որը մենք պարտադրված մղում ենք երկու թշնամական պետությունների դեմ, և երկրորդը՝ համավարակը, որը գնալով ունենում է արդեն որոշակի նոր դրսևորումներ: Նաև մյուս բացասական գնահատումը՝ որ այս երկու երևույթները փոխկապված են տնտեսական հետևանքների տեսանկյունից, այսինքն՝ համավարակի դեմ պայքարը և հաղթահարման գործընթացը, բնականաբար, տուժում է՝ հենց պատերազմական այս իրողություններով պայմանավորված»:
Տնտեսագետը, սակայն, համոզում հայտնեց, որ կա իրական հնարավորություն՝ պատերազմական իրավիճակից հետո շատ արագ կերպով վերականգնելու տնտեսական կորուստները և նաև կանխելու դրանց խորացման հնարավորությունը.
«Բայց դա անելու համար մենք չպետք է սպասենք և գործընթացների հետևից գնանք:
Շատ լավ առիթ է, որ ներկայումս արդեն բյուջեն քննարկվում է, և այս բացասական երևույթների կանխարգելման համար կոնկրետ ծրագրային լուծումներ և ուղղություններ մենք պետք է տեսնենք արդեն հիմա՝ պետական բյուջեում: Սա նաև հաղորդագրություն կլինի հենց տնտեսվարողներին և բնակչությանը, որպեսզի նաև պետական բյուջեի ծրագրային ուղենիշներից ելնելով՝ կարողանան իրենց պլանավորումները կատարել»:
Թադևոս Ավետիսյանը նաև հավելեց՝ 2021 թ. պետական բյուջեն պետք է լինի աննախադեպ լուծումներով և մոտեցումներով. «Իհարկե հասկանալի է, որ եկամուտների որոշակի նվազումը, ծախսերի ավելացումը չեն կարող անմասն թողնել հաջորդ տարվա պետական բյուջեի պլանավորումը, բայց կարծում եմ, որ ոչ ստանդարտ լուծումներով մենք կարող ենք նվազագույնի հասցնել այն հետևանքները, որոնք արդեն իսկ կան և նշմարվում են հաջորդ փուլի համար»:
Ի պատասխան հարցին, թե ո՞րն է տնտեսությունը վերականգնելու իրական հնարավորությունը, մեր զրուցակիցը մի քանի լուծումներ առաջարկեց. «Մենք փաստացի ունենք պետական բյուջեի որոշակի կառուցվածք ծախսային և եկամտային մասով:
Այս իրավիճակում չի կարելի մոտենալ ընթացիկ, իներցիոն սկզբունքներով և ստանդարտ մակրոտնտեսական կանոնների ներքո: Նոր մոտեցումները պահանջում են և՛ ծախսային, և՛ եկամտային ուղղությամբ ոչ ստանդարտ լուծումներ և հարվածային մոտեցումներ: Այսինքն՝ առաջինը՝ եկամուտների մասով՝ պետական բյուջեին զուգահեռ՝ միանշանակ պետք է վերականգնվի և լիարժեք գործադրվի պրոգրեսիվ հարկման մոդելը:
Այսինքն՝ շատից՝ շատ, քչից՝ քիչ սկզբունքը պետք է լիարժեքորեն ներդրվի եկամտահարկի և շահութահարկի դեպքում:
Ի վերջո, հարուստ մարդը հարաբերականորեն պետք է ավելի շատ միջոցներ ներդնի երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու իմաստով. Սա, կարծում եմ՝ աքսիոմ է: Եվ ճիշտ հակառակը՝ մարդիկ, որոնք գոյատևում են և ավելի շատ հարվածներ են ստացել և ստանալու այս իրավիճակում՝ եկամուտների կորստի, նվազման և այլն, այդ մարդիկ հարաբերականորեն ավելի քիչ բեռ պետք է ստանձնեն:
Իսկ ծախսերի մասով՝ մենք ունենք իրական պոտենցիալ և՛ գյուղատնտեսության ոլորտում, և՛ նաև ռազմարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների համատեղ զարգացման: Այստեղ պետական կայուն աջակցությունը կայուն ծրագրերով և նաև համարժեք ֆինանսական իմաստով պետք է այլընտրանք չունենան: Պետությունը պետք է լուրջ ներդրումային պրոյեկտներ, կապիտալ ծախսեր իրականացնի:
Պետք է նաև հարվածային կերպով օգտվենք այն արտոնություններից, որոնք մենք ձեռք ենք բերել միջազգային տնտեսական ինտեգրման գործընթացների արդյունքում»:
Թ. Ավետիսյանի համոզմամբ՝ միջազգային այս հարթակում Հայաստանն ունի չիրացված ներուժ:
«Աշխարհաքաղաքական այս մարտահրավերները հաշվի առնելով՝ մեր երկու պետությունների շուրջ աշխարհաքաղաքական որոշակի մոտեցումներ և վերաբերմունք փոխվեց: Եվ մենք սա պիտի կարողանանք դրականորեն օգտագործել:
Մենք պետք է բոլոր ուղղություններով գործադրենք ջանքեր, և այստեղ պատկան մարմինների մեծածավալ աշխատանք է պետք՝ բառիս բուն իմաստով՝ օրական 24-ժամյա աշխատանք»,- եզրափակեց Թադևոս Ավետիսյանը՝ հույս հայտնելով, որ սոցիալ-տնտեսական ճակատում կկարողանանք նվազագույնի հասցնել հնարավոր հետևանքները և ունենալ աճի ապահովման հարվածային որոշակի ուղղություններ: