Որքանո՞վ է իրական սկանդինավյան խաղաղապահների մուտքը ԼՂ. ռուս քաղաքագետը մեկնաբանել է Օ’Բրայենի առաջարկը
Ռուս քաղաքագետ Դենիս Դենիսովը մեկնաբանել է ԱՄՆ-ի`Լեռնային Ղարաբաղի հակմարատության գոտում սկանդինավյան երկրներից խաղաղապահներ մտցնելու առաջարկը: Այս մասին տեղեկանում ենք iz.ru կայքից:
Դենիսովը կարծում է, որ ցանկացած երկրից խաղաղապահ զորախմբի ներդրումը հնարավոր կլինի միայն ՄԱԿ-ի մանդատով: Բայց նախքան այն ստանալը, անհրաժեշտ է, որ հակամարտության կողմերն իրենք դիմեն կազմակերպության գլխավոր քարտուղարին:
«Դրանից հետո ՄԱԿ-ի շրջանակներում կնախապատրաստվի հանձնաժողով, որը կժամանի Ղարաբաղ և կսկսի վերլուծել կողմերի դիրքերը, տեղաբաշխման վայր ընտրել: Ըստ ամերիկյան առաջարկի, անհրաժեշտ է նաև հստակեցնել՝ դա կլինի 25-30 հազար խաղաղապահների լիարժեք ռազմական առաքելություն, թե մի քանի հազար դիտորդների» ,- պարզաբանել է փորձագետը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը սկանդինավյան երկրների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ առաքելության հնարավոր ուղարկման շուրջ, որը կարող է տեղակայվել տարածաշրջանում`զինադադարի պահպանման համար: Նրա կարծիքով, Մինսկի խմբի համանախագահող երկրները, ներառյալ ԱՄՆ-ն կամ հարևան երկրները, չպետք է ներառվեն որևէ զինված խաղաղապահ ուժերի կազմում, Թուրքիայի խաղաղապահ դերն էլ ԱՄՆ-ի և Հայաստանի համար հարմար տարբերակ չէ: