
«Զանգեզուր-Կապան» ՖԱ-ն խնդրել է դադարեցնել թիմի ֆինանսավորումը և գումարներն ուղղել բանակի կարիքներին

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը ողջ անձնակազմի անունից բաց նամակ է ուղղել «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ. Տոնապետյանին։
Ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակված նամակում ասված է. «ԶՊՄԿ-ն երկար տարիներ հանդիսանում է մեր ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը։ Կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ «Գանձասար-Կապան»-ին հաջողվել է պատշաճ խաղ ցուցադրել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն լիգայում, ինչպես նաև նվաճել Հայաստանի ֆուտբոլի գավաթը։
Այսօր պատերազմն ու համավարակը երկրում ստեղծել են ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ։
Ուստի հայտնում ենք Ձեզ, որ մեր երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել թիմի ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում և խնդրում ենք Ձեզ միառժամանակ դադարեցնել թիմի ֆինանսավորումը՝ այդ գումարն ուղղելով բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին։
Սպորտն, անշուշտ, կարևոր է, այն մեր կյանքի իմաստն է, բայց հայրենիքն ու մարդկային կյանքերը վեր են ամեն ինչից։
Խորապես շնորհակալ ենք ԶՊՄԿ-ին երկարամյա աջակցության համար»։