«Եթե Դավութօղլուն այսօր այս ելույթն ունեցավ, նշանակում է՝ գուցե ԱՄՆ-ից ինչ-որ նշան է ստացել». Թուրքագետ

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է սահմանել արժեզրկման նոր ռեկորդներ ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստեռլինգի նկատմամբ։

168.am թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեց, թե այս համատեքստում ի՞նչ կոնկրետ տնտեսական հետևանքների է բախվում Թուրքիան, ի՞նչ նոր հետևանքներ կարող են ակնկալվել, և արդյո՞ք Թուրքիայի տնտեսական վիճակը կանդրադառնա տարածաշրջանային ներկա զարգացումների վրա:

Ի պատասխան՝ թուրքագետը նշեց. «Թուրքիայի տնտեսության անկումն առաջին հերթին ազդում է հասարակ ժողովրդի վրա: Պետությանը, հարուստներին, խոշոր գործատուներին հասնելը մի քիչ երկար կտևի,  իհարկե, և այդ ընթացքում Էրդողանը կարող է իր ծրագրերը շարունակել:

Ինքը «թքած կունենա» ժողովրդի վիճակի վրա, իսկ 35-40 տոկոս իրեն կուռ կապված, հավատացող կողմնակիցները, ինչ էլ պատահի, կմնան Էրդողանի թիկունքին կանգնած:

Աջակիցների այդ բանակը կմնա, քանի որ նրանք իդեալիստներ են՝ իսլամիզմին հավատացող մարդիկ են (գուցե ինչ-ինչ չափով նրանց թիվը պակասի, բայց մեծամասամբ կմնան, և անգամ եթե նրանք աղքատության մեջ գալարվեն, կշարունակեն Էրդողանին հավատարիմ մնալ):

Սակայն երկրի տնտեսությունը վաղուց՝ արդեն քանի տարի է՝ գնալով անկում է ապրում, բայց քանի որ պետությունը, այնուամենայնիվ,  ունի ինչ-ինչ տնտեսական ռեսուրսներ, ժամանակին կուտակած միջոցներ, դրանով տնտեսությունը մի կերպ առաջ է գնում»:

Այս օրերին թե՛ թուրքական, թե՛ միջազգային լրատվականների ուշադրության կենտրոնում է Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտնի ակնարկը երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Եվրոպայի և աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետությունն է, որը տարածում են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին պարոն Էրդողանն է: Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, կա խորը կոռուպցիա, իսկ մեր երկրի արժանապատվությունը վիրավորվում է արտասահմանում, մենք կշարունակենք արտահերթ ընտրությունների կոչ անել»,- իր ղեկավարած կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում ասել էր ընդդիմության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն:

Հարցին՝ արդյոք այս հայտարարությունը հուշո՞ւմ է Թուրքիայում ներքաղաքական զարգացումների մասին, Տիրան Լոքմագյոզյանը պատասխանեց. «Հետաքրքիր է, իհարկե, որովհետև Դավութօղլուն գյուլենական է, Գյուլենի հավատարիմ աշակերտն է, և մինչև այսօր լուռ նստել էին իրենց տեղը, որովհետև գիտեին, որ իրենք այլևս այդ ուժը չունեն Էրդողանի դեմ, իսկ եթե գլուխ բարձրացնեն, Էրդողանն իրենց գլուխը միանգամից տրորելու է:

Սակայն այստեղ ինչ-որ հետաքրքիր բան կա, ինչ-որ մի բան պետք է կատարված լինի, Դավութօղլուն ինչ-որ մի շանս պետք է տեսած լինի, որ սկսել է Էրդողանի դեմ խոսել»:

Մեր դիտարկմանը, թե գուցե այդ շանսը Թուրքիայում տիրող հասարակական տրամադրություններն են նաև, սոցիալ-տնտեսական վիճակի ֆոնին հասունացող ինչ-որ տրամադրությունները, Տիրան Լոքմագյոզյանն արձագանքեց.

«Չեմ կարծում, քանի որ Էրդողանն այնպես է աքցանի մեջ վերցրել ամբողջ երկիրը, որ ոչ ոք չի խոսում: Եվ որտեղ էլ որ մի փոքր ծպտուն լինի, արագ ճնշելու է:

Իմ կարծիքով, ժողովուրդն այստեղ շատ մեծ անելիք չունի, ինչքան էլ ժողովուրդը բողոքի, մեկ է՝ խեղդելու են: Մյուս կողմից, ինչպես ասացի, Էրդողանի կողմնակիցներն էլ են լռեցնելու․ նրանք ռազմատենչ են։ Եթե ինչ-որ մի բան շարժվեց, ուրեմն արտասահմանից է»:

Միացյալ Նահանգնե՞րը նկատի ունեք՝ հարցին էլ մեր զրուցակիցը պատասխանեց. «Հավանական է, որ Ամերիկան է, չէ՞ որ Ֆեթուլլահ Գյուլենն ինքն էլ ԱՄՆ-ում է պատսպարված. Փենսիլվանիայում է ապրում, ԱՄՆ պետության հովանավորության տակ է: Թուրքիան մի քանի անգամ պահանջեց Գյուլենին, սակայն ԱՄՆ-ը չի տալիս, որովհետև հավանաբար իրար հետ ինչ-որ գործարքների մեջ են:

Եթե Դավութօղլուն այսօր այս ելույթն ունեցավ, նշանակում է՝ գուցե ԱՄՆ-ից ինչ-որ նշան է ստացել»:

Տեսանյութեր

Լրահոս