«Այս փուլով նախատեսված աշխատանքներն ավարտվել են». Արսեն Առաքելյան
168.am-ի հարցերին պատասխանում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրեն Արսեն Առաքելյանը:
– Սեպտեմբերին Դուք մեզ հետ զրույցում ասացիք, որ իրականացնում եք հետազոտական աշխատանք՝ ուղղված թեստերում օգտագործվող նմուշների տեսակների մեծացմանը: Ի՞նչ փուլում է այդ աշխատանքը, ի՞նչ տեսակի թեստի մասին է խոսքը:
– Աշխատանքներն ընթացքում են։ Իրականացնում ենք հետազոտություններ թքի նմուշներում կորոնավիրուսի հայտնաբերման ուղղությամբ։ Սրանք երկարատև հետազոտություններ են:
– ՔՈՎԻԴ-19-ով վարակման մտահոգիչ թվային պատկերի, պատերազմական պայմաններում, ինչպե՞ս է ընթանում արդեն սկսված թեստերի արտադրության պրոցեսը: Եվ եթե արտադրվում է, ապա օրական նախկի՞ն քանակով է՝ 1500-2000, թե՞ավելի կամ պակաս, միայն պետակա՞ն հիմնարկներում են սպառվել կամ սպառվում թեստերը, թե՞ նաև մասնավոր:
– Ս․թ․ հոկտեմբերի 16-ի դրությամբ 100.000 թեստ տրամադրվել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ին։ Այս փուլով նախատեսված աշխատանքներն ավարտվել են։ ՀՀ ԳԱԱ ՄԿԻ-ում արտադրված թեստերը մատակարարվել են միայն ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ին։
– Թեստերի որակական հատկանիշների հետ կապված կասկածների առիթներ են եղել, կան, ի՞նչ կասեք:
– Թեստերի որակական հատկանիշներին բազմիցս անդրադարձել ենք նախկինում, նոր բան ավելացնելու կարիք չկա։
Հ․Գ․ Հիշեցնենք, որ վարչապետի խոստացած 550.000 դոլարից տրամադրվել էր 250.000 դոլարը՝ ռեագենտների և լաբորատոր պարագաների տեսքով:
Ավելի վաղ 168.am-ն Արսեն Առաքելյանից փորձել էր պարզել՝ արդյո՞ք անհրաժեշտություն զգացվելու է մյուս 250.000 դոլարի տրամադրման, թեկուզ՝ նյութերի և սարքավորումների տեսքով, նա շեշտել էր, որ հավելյալ թեստերի արտադրության անհրաժեշտության հարցն իր իրավասության շրջանակում չէ։