«Արցախում ամենուր թռչում են ամերիկյան արտադրության F16-եր, դուք ձեր լռությամբ և մասնակցությամբ սատարում եք ահաբեկչությանը». ակցիա ԱՄՆ դեսպանատան առջև
Արցախցի կանայք այսօր կրկին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև էին: Նախորդ անգամ նրանք այստեղ էին հոկտեմբերի 22-ին, նրանց ընդունել էր դեսպանատան աշխատակիցներից մեկը, ում և կանայք նամակ էին հանձնել: Այսօր արցախցի կանայք եկել էին իրենց նամակին պատասխան ստանալու պահանջով, ավելի քան 10 օր է՝ ոչ մի արձագանք դեսպանատնից: Կանայք պահանջում էին հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ, բերել էին նոր նամակ: Ցույցի մասնակիցներից Սիրանույշ Սարգսյանն ասաց, որ ԱՄՆ ղեկավարությունն էլ մեղքի իր բաժինն ունի Հայաստանի դեմ ագրեսիայի սանձազերծման գործում:
«Հենց ամերիկյան իշխանությունների կողմից Ադրբեջանին տրված գումարների միջոցով է, որ նրանք, շրջանցելով 907-րդ հոդվածը, զինվորականներ են պատրաստում և ուղարկում մեր դեմ: ԱՄՆ-ի ոչ միայն լռության, այլև անմիջական մասնակցությամբ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր ագրեսիա են կիրառում: Նրանք դա շատ լավ գիտեն, նրանք են տեռորիստների հովանավորները»,- ասաց Սիրանույշ Սարգսյանը և հավելեց, որ այս 10 օրերի ընթացքում նորից այցելել է Ստեփանակերտ և Շուշի, տեսել է, որ իրենց քաղաքներն ավելի են ավերվել:
«Մենք ոչնչացնելու ենք այդ տեռորիստներին, թշնամուն: Ես եկել եմ ասելու, որ ես չեմ ակնկալում, որ ԱՄՆ-ը որևէ բան անելու է, բայց եկել եմ ասելու, որ այդ տեռորիստները, եթե մինչև վերջինը չոչնչացվեն Արցախում, այդ սերմերը դուրս են գալու Արցախից և գնալու են Վրաստան, Ռուսաստան, Եվրոպա և, իհարկե, Ամերիկա: Մենք մեր թշնամուն ոչնչացնելու ենք, իսկ այս ամենի պտուղները դուք եք քաղելու: Ամոթ, որ թույլ եք տալիս այս ամենը»,- ասաց Սիրանույշ Սարգսյանը:
Ակցիայի կազմակերպիչներից Լիանա Ադամյանը նշեց, որ քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառվում են արգելված զենքեր, Արցախի ամբողջ տարածքում թռչում են ամերիկյան արտադրության F19 կործանիչներ:
«Ինչո՞ւ եք լռում: Օրենսդրությամբ դուք կարող եք մեկուսացնել, սառեցնել Թուրքիայի մասնակցությունը ՆԱՏՕ-ում, կիրառել պատժամիջոցներ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ պարտավոր եք պարտադրել, որ Ադրբեջանը պահպանի հրադադարը, որը ձեռք է բերվել»,- ասաց Ադամյանը:
Նա նշեց, որ իրենք չեն հավատում ԱՄՆ ընտրություններին ընդառաջ կազմակերպված «շոու»-ներին, որոնց ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե «հայերը հրաշալի մարդիկ են, նրանք կռվում են՝ ինչպես դժոխքում»:
«Թուրքիան և Ադրբեջանն արտահանում ենք ահաբեկչություն, հովանավորում են ահաբեկչությունը, և դուք ՆԱՏՕ-ի շրջանակներում կանգնում եք Թուրքիայի կողքին: ՆԱՏՕ-ն տեռորիստակա՞ն կառույց է: Արցախում ամենուր շրջում են ամերիկյան արտադրության F16-եր, դուք ձեր լռությամբ և մասնակցությամբ սատարում եք ահաբեկչությանը: Դուք պետք է վերջ դնեք դրան և տաք իրավական ու քաղաքական գնահատական»,-ասաց Լիանա Ադամյանը:
Ակցիայի մասնակիցները կարմիր գույնի թղթե ինքնաթիռներ թռցրին դեպի դեսպանատուն, ինչից հետո երեխաները սկսեցին ոտքերով «ոչնչացնել» դրանք:
«Կարմիրը խորհրդանշում է մեր արյունը, որի մեջ թաթախված եք դուք ձեր լռությամբ, կործանեք այս ինքնաթիռները, կանգնեցրեք ահաբեկչությունը, որ Արցախի սահմաններին է»,- ասաց Լիանա Ադամյանը:
Ակցիայի մասնակիցները պարբերաբար վանկարկում են՝ «Ճա-նա-չում»՝ վստահ լինելով, որ Արցախի անկախության ճանաչումն այս պահին խնդրի կարգավորման միակ տարբերակն է:
Ակցիայի ներկայացուցիչների խոսքով՝ չեն գնալու ԱՄՆ դեսպանատան մոտից, մինչև իրենց չընդունի անձամբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: