
«Բերձորից մինչև Արաքսի ափ եղել են որոշակի մարտական գործողություններ. մեր զինված ուժերն ունեցել են դիրքերի բարելավում». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ամբողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ամբողջ երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հարավային հատվածում` Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ: Մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել: Բացի դրանից, Մարտունիի և Ասկերանի շրջանների գյուղերում` հիմնականում անտառային զանգվածի փոքր բնակավայրերին հարակից տարածքներում, շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները: Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի ու հարակից բլուրների տարածքում, ինչպես նաև անտառային զանգվածներում: Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, և դրանց դեմ պայքարը ենթադրում է առանձին մարտական գործողությունների որոշակի մարտավարություն, ինչը սովորական համազորային մարտի կամ 5-րդ սերնդի պատերազմին բնորոշ մարտեր չեն»,-նշեց նա: