Բաժիններ՝

«Արտուշը շատ սպասված երեխա էր, ուղիղ 17 տարի այդ ընտանիքում երեխա չէր եղել». զոհված զինծառայողի ազգական

Արցախում թշնամու ագրեսիան ետ մղելիս զոհված Արտուշ Կնյազյանը Շիրակի մարզի Ազատան համայնքից էր, 1 տարի 3 ամսվա զինծառայող: Նրա հորաքրոջ ամուսինը՝ Սմբատ Բաղդասարյանը, 168.am-ի հետ զրույցում Արտուշին բնութագրելիս հատկապես շեշտեց, որ նա չափից դուրս համեստ էր.

«Կյանքում որևէ մեկի հետ խոսելիս բարձր տոնով չի խոսել: Ամբողջ Ազատան համայնքն իրեն գիտեր, ու ողջ համայնքը նրա մահվան լուրը լսելով «կոտորվում» է»:

Արտուշը երեխաներից մեծն էր, իրենից 1 տարի փոքր քույր ունի, պատմում է հորաքրոջ ամուսինը:

«Արտուշը շատ սպասված երեխա էր, ուղիղ 17 տարի այդ ընտանիքում երեխա չէր եղել, 17 տարի հետո ծնվեց Արտուշը… Այս տարիքում, այդ մի տղան էր, այն էլ «ձեռքից թռավ»: Հիմա հայրը նստել մղկտում է…»,- ասաց Սմբատը:

Արտուշը դպրոցն ավարտել և 2019 թվականի հուլիսին զորակոչվել էր: Ծառայության մասին երբեք չէր խոսում, իսկ պատերազմի օրերին, թեև  մարտի դաշտում էր, բայց հարազատներին հուսադրել է, որ ինքը զորամասում է, և իրենց մոտ ամեն ինչ հանգիստ է.

«Այնքան համեստ երեխա էր, ոչ մի բան չէր պատմում ծառայության մասին, անգամ այս պատերազմական օրերին, որ մեկ-մեկ հնարավորություն էր ունենում զանգելու, ոչինչ չէր ասում, անգամ չգիտեինք, որ իրենք զորամասում չեն, տեղափոխել էին, խաբում ասում էր՝ զորամասում ենք, տեղն էլ հանգիստ է, հանգիստ եղեք, ասում էր՝ մենք լավ ենք, չմտածեք, հաղթելու ենք ու հետ ենք գալու»:

Արտուշը որոշել էր զորացրվելուց հետո աշխատել, որպեսզի նոր տուն կառուցեր, սակայն չհասցրեց.

«Մորն ասել էր՝ մամ ջան, բանակից կգամ, հորս հետ կգնամ կաշխատեմ, այս հին տունը կքանդենք, նորը կկառուցենք կամ ուրիշ տեղ տուն կառնենք, դրանից հետո նոր կմտածեմ ամուսնության մասին, դա էր այդ երեխու նպատակը»:

Արտուշը վերջին անգամ ընտանիքի անդամների  հետ խոսել էր հոկտեմբերի 22-ի գիշերը, իսկ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին:

«Արտուշը ամսի 22-ի գիշերը՝ 00:20 է զանգել, արդեն օրը փոխվել էր՝ ամսի 23-ն էր, մոր հետ էր խոսել, քրոջ հետ էր խոսել, հայրն էլ Յակուտսկում էր, դեպքի մասին իմացավ, հետ եկավ…»,- պատմեց Արտուշի հորաքրոջ ամուսինը:

Արտուշ Կնյազյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին՝ Ազատանի պանթեոնում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս