«Այսքանով մեր հրապարակային արձագանքը համարում ենք սպառված». ՄԻՊ գրասենյակ

Երեկ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր հրապարակել՝ ուղղված ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության իրավասու ղեկավար կազմին:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ: Պետք է գիտակցել, որ Մարդու իրավունքների պաշտպանի նպատակն է հատկապես այս դժվար օրերին ամեն կերպ աջակցել պետությանը: Ափսոսում եմ, որ ստիպված եմ այսպիսի հրապարակային հայտարարություն անել»,- մասնավորաապես գրել էր նա:

Այսօր Armlur.am-ը զրուցել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ խնդիր է, ու արդյո՞ք ինքը զրուցել է Թաթոյանի հետ պարզելու համար նրա վրդովմունքի պատճառը: «Ճիշտն ասած, դեռևս պարոն Թաթոյանը չի պատասխանել, հիմա այդ փուլում ենք, փորձում ենք ճշտել ու հասկանալ՝ ինչ խնդիր է, հիմա որևէ բան չեմ կարող ասել»,- հայտարարել է նախարարը:

Դիտարկմանը, թե արդյոք այս ժամանակահատվածում ինչ-որ հարցով Թաթոյանը դիմե՞լ է իրենց, ու հարցն անպատասխան է մնացել, նախարարն ասել է, որ նման բան չի եղել, չի կարող հիմա ինչ-որ բան ասել, կպարզեն, կտեղեկացնեն:

Նախարարի խոսքով՝ Արման Թաթոյանի հայտարարությունն անակնկալ է եղել իր համար. «Երեկոյան եմ փորձել զրուցել, չի ստացվել, հիմա փորձում ենք ճշտել, թե որն է խնդիրը»:

ՄԻՊ մամլո խոսնակ Նունե Հովսեփյանն էլ մեզ հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարության հիմքում եղել են տարաբնույթ հարցեր ու խնդիրներ, որոնք նաև վերաբերում են Պաշտպանի իրավասությանը ու Պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցված աշխատանքին։ Դրանք ամփոփվել են և այսօր կուղարկվեն հասցեատեր մարմիններին։

«Այսքանով մեր հրապարակային արձագանքը համարում ենք սպառված»,- նկատեց ՄԻՊ մամլո խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս