«Չենք պատրաստվում հանձնվել և թույլ տալ, որ Հայոց ցեղասպանությունը կրկնվի». Խավիեր Ուրտադո Միրա
«Արցախի վրա Ադրբեջանի անարդարացի հարձակումը սեպտեմբերի 27-ին պետք է դատապարտվի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան:
Նա նշեց, որ երկու կողմերից էլ քաղաքացիական զոհերի փաստը մտահոգիչ է, բայց ընդգծեց՝ պատասխանատվությունն Ադրբեջանի նախագահ Ալիևի վրա, որը փաստացի սկսել է ագրեսիան: Խավիեր Ուրտադո Միրան դատապարտեց Ադրբեջանի կողմից արգելված կասետային զինատեսակների օգտագործումը, ջիհադիստների ներգրավումը, Թուրքիայի ակտիվ մասնակցությունն Ադրբեջանի սանձազերծած պատերազմում. «1 դար առաջ Ստալինի գործած սխալը կարելի է լուծել միայն բանակցությունների միջոցով՝ ՄԽ համանախագահների ձևաչափով՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջոցով: Կոնֆլիկտի լուծման այլ տարբերակ չկա»:
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ նա նշեց, որ 100 տարի առաջ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը և խորհուրդ տվեց նայել անցյալին. «Ես հասկանում եմ ձեր հասարակության հիասթափությունը միջազգային հանրությունից, բայց որպես միջազգային երիտասարդական կազմակերպություն՝ մենք չենք պատրաստվում հանձնվել և թույլ տալ, որ Ցեղասպանությունը կրկնվի: Կարծում եմ՝ Ռուսաստանը մտահոգված է ձեր նոր կառավարության գործունեությամբ: Ձեր նախկին կառավարությունն ավելի լուրջ էր և ավելի լավ միջազգային աշխատանք էր տանում, և Արևելյան գործընկերությունն ավելի ներգրավված էր Հարավային Կովկասում, հետո ամեն ինչ թուլացավ, և գուցե դրա համար ձեր հարևանները հասկացան, որ ճիշտ ժամանակն է՝ սկսել պատերազմը: ԱՄՆ-ը հիմա զբաղված է ընտրություններով, չնայած՝ քարոզարշավի ընթացքում գովել է հայերին: Եթե Մակրոնն ուժեղ մնա, ինչպես վերջին օրերին է անում, ապա ԵՄ-ն Արցախի հայերի հարցին մի փոքր ավելի լուրջ կանդրադառնա հաջորդ շաբաթ: Իրանը նույնպես խաղաղության գործընթացի փաստաթղթով է հանդես եկել: Այն ճնշումները, որ հարցը ռազմական լուծում չունի, որոշակի հույս են տալիս»:
Նա հիշեցրեց Ալիևի հայտարարությունները, որ Արցախը վերցնելու դեպքում կհարգի հայերի մշակութային ինքնավարությունը, և ընդգծեց. «Նախագահ Ալիև, հարգեք մշակութային ինքնավարությունը նույնիսկ այն դեպքում, երբ տարածքը ձերը չէ, դադարեք ռմբակոծել եկեղեցիները: Երբ վերադառնանք Բրյուսել, կպայքարենք հայերի իրավունքների համար նաև Արցախում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում