«Թուրքիայի նպատակն է՝ Նախիջևանի միջոցով Սյունիքն ու Արցախը միացնել Ադրբեջանին». Բակուր Կարապետյան
Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը բոլորովին չի զարմանում Ադրբեջանի այն գործողություններից, որոնք այսօր իրականացնում է Արցախի խաղաղ բնակավայրերի նկատմամբ։ Ասում է՝ այս ամենը տեսել է 1988 թվականից սկսած, և նույնիսկ 21-րդ դարում Ադրբեջանը շարունակում է նույն արնախումը լինել, նույն ոճրագործը մնալ։ Նաև ականատես լինելով ծննդավայրի՝ Մարգուշավան-Մարաղայի կոտորածին, Բակուր Կարապետյանը եկել է այն եզրակացության, որ թշնամին երբեք չի փոխվի ու չի բարեկրթվի։
«Սումգայիթում անձամբ ականատես եմ եղել, թե ինչ էին արել ադրբեջանցիները հայերի նկատմամբ, նույնը տեսել եմ նաև Կիրովաբադում, էլ չասեմ, թե Բաքվում ինչ էր կատարվել։ Հայերի նկատմամբ ցեղասպանությունը սկսվել էր 1915 թվականից, նույնիսկ դրանից էլ առաջ։ Նույն ձեռագիրն է նաև այսօր, սա, իհարկե, էթնիկ պատերազմ է, այստեղ այդքան հողի խնդիրը չէ, որքան հայերին ոչնչացնելու հարցը։ Այդ ճանապարհին մենք խանգարում ենք Օսմանյան Թուրքիայի վերականգնմանը, որին այսօր ձգտում է Էրդողանը և կանգնել է Ալիևի կողքին։ Թուրքիայի նպատակն է՝ Նախիջևանի միջոցով Սյունիքն ու Արցախը միացնել Ադրբեջանին և այդպիսով իր համար ճանապարհ բացի դեպի Արևելք»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Բակուր Կարապետյանը։
Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, թե ով է թուրքը, ինչերի է ընդունակ, և այս ստեղծված իրավիճակում միայն մեղադրանքներով, թե թուրքը հայերին կոտորում է, ցեղասպանում է և այլն, հարց չի լուծվի, պետք են հստակ գործողություններ, որոնք արժանի հարված կտան Թուրքիային ու Ադրբեջանին։
«Եթե Հայոց ցեղասպանությունն իր արժանի գնահատականը ստանար աշխարհում, ապա այսօր իրավիճակն այլ կլիներ։ Թուրքիան իր տերության հիմքը դնելիս, բացի հայերից, ոչնչացրել ու կոտորել է 50 ժողովուրդների, այդ ժողովուրդների լեզուն, մշակույթը, ինքնությունը՝ սա մեծ կորուստ է մարդկության պատմության համար, ե՞րբ է քաղաքակիրթ աշխարհը կարողանալու այս ամենին ճիշտ գնահատական տալ։ Երբ Գերմանիայում էի աշխատում, թուրքերի հետ կապված զգուշացնում էի, որ չեն հասկանում, թե ում են բերում իրենց երկիր։ Գերմանացիները հույս ունեին, որ թուրքերը Գերմանիայում կձուլվեն իրենց, մշակույթի կրողը կդառնան, բայց տեսեք, թե այսօր ինչ է կատարվում, կուտակվել է հսկայական ուժ, որը մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Գերմանիայի, այլև ամբողջ Եվրոպայի համար։ Սա է Թուրքիայի գործելաոճը, աստիճանաբար սողոսկում է մի տեղ, ներսից քանդում է ու սկսում ամրանալ։ Ահա այսպիսի երկրի ու ժողովրդի հետ մենք այսօր գործ ունենք»,- շեշտեց Բակուր Կարապետյանը։
Ըստ նրա, երբ հանցագործի ձեռքը բռնում են, մեղադրում ու դատապարտում են՝ ինչպես հարկն է, շատ դեպքերում նա այլևս հանցագործություն չի կատարում, սակայն Թուրքիայի դեպքում որևէ մեկը նրա ձեռքը չբռնեց։ Քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև մի ողջ ժողովուրդ կոտորվեց։ Եվրոպան սեփական շահն է գերադասում, սակայն, Բ. Կարապետյանի խոսքով՝ Թուրքիան ավելի մեծ վտանգ է ներկայացնում հենց Եվրոպային։
«Մենք այսօր քաղաքակիրթ աշխարհին փորձում ենք սովորեցնել, որ հանցագործին պետք է համարժեք դատապարտել, բայց նա չի ընկալում, չի ստացվում»,- հավելեց նա։
Նրա բնորոշմամբ, հայության մեջ տարբեր հատվածներ կան, և այդ հատվածներում ամենառազմատենչն արցախցին է։
«Երբ Ռուսաստանը 300 տարի առաջ գրավել էր Կասպից ծովի արևելյան ափը, այդ ժամանակ օսմանյան զորքերն արշավեցին դեպի կասպիական ափերը, որպեսզի հետ գրավեն այդ տարածքները։ Ճանապարհն անցում էր Արցախով, արցախցի մելիքներն ասպարեզը թողեցին զինվորականներին, որոնք ստեղծեցին ռազմականացված պետություն, որը կոչվում էր հայկական ամրություններ, և սկսեցին պատերազմել թուրքերի դեմ։ Նրանք 7-8 տարի տարի թուրքերին մոտ չթողեցին Արցախին, թուրքական կանոնավոր զորքերը մեկը մյուսի հետևից պարտություն էին կրում և հետ շպրտվում։ Սա ասում են՝ ընդգծելու համար այն կարևոր հանգամանքը, որ, եթե արցախցին կազմակերպված պատերազմում է, նրա դեմ որևէ ուժ չի դիմանում»,- ընդգծեց Բակուր Կարապետյանը։
Նա նաև շեշտեց, որ Արցախի առաջին հերոսամարտից հետո պետք է Հայաստանն ու Արցախը կարողանային ճիշտ կազմակերպել ամեն ինչ, առաջին հերթին՝ տնտեսությունը։
«Տնտեսությունն ու բանակն իրար նման են, չի կարող տնտեսությունը շատ ավելի լավը լինել, քան բանակը, երկուսն իրար հետ կապակցված են։ Ինքս առանձին անձանց չեմ մեղադրում, քանի որ այդ ամենը կազմակերպելը նաև հանրության գործն է, օրինակ, եթե եղել է կոռուպցիա, ապա այն առանց հանրության մասնակցության չի եղել։ Հիմա մենք մեր ներսում լավ պետք է կազմակերպվենք, որպեսզի կարողանանք դիմակայել ամեն ինչին՝ սա է խնդիրը, որը պետք է կարողանանք հաղթահարել»,- եզրափակեց Բակուր Կարապետյանը։