«Հոդվածների որ սանկցիաները նայում եմ, փոփոխված թվերը, լոգիկան, տրամաբանությունը ո՞րն ա դրված եղել». Նիկոլայ Բաղդասարյանը՝ ՔՕ փոփոխությունների մասին

Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ավելացնել ռազմական դրության, պատերազմի կամ մարտի պարագաներում դասալքության, հրաման չկատարելու, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելու, զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու համար նախատեսված պատժաչափերը:

«Չենք հասկանում տրամաբանությունը, երբ որ հոդվածների մեջ Դուք սանկցիաները ավելացրել եք: Այսինքն, մի դեպքում նվազագույն շեմն եք բարձրացնում մեկ տարով, մյուս դեպքում առավելագույն շեմն եք բարձրացնում 2  տարով ու չի հասկացվում տրամաբանությունը՝ ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ դարձնելով կամ հակառակը: Շեմը ավելացնում եք, բայց ծանր հանցագործությունը չեք դարձնում առանձնապես ծանր: Այսինքն՝ հոդվածների, որ սանկցիաները նայում եմ, փոփոխված թվերը, լոգիկան, տրամաբանությունը ո՞րն ա դրված եղել»,- նախագիծը ներկայացնելուց հետո Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանին հարց ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

«Իրականում այս խնդիրը քննարկել ենք իրավապահ մարմինների հետ, այդ թվում՝  Արդարադատության նախարարության հետ ենք քննարկել, և որոշում է կայացվել՝ ներկայացվի այս տեսքով: Տրամաբանության հետ կապված մանրամասները, ես կարծում եմ, առանձին քննարկումներ Ձեզ կներկայացնենք մենք»,- ի պատասխան՝ ասաց Գաբրիել Բալայանը:

Տեսանյութեր

Լրահոս