
SOHR․ Արցախում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել

«Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը» (SOHR) նոր տվյալներ է հրապարակել Արցախում իրականացվող ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան փոխադրված սիրիացի վարձկանների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մեծ Բրիտանիայում գործող և ամենօրյա ռեժիմով սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքին հետևող այս կառույցի ներկայացուցիչները հայտնել են, որ Արցախում մարտերի ընթացքում սիրիացի ևս 18 վարձկան է սպանվել:
Նշվում է, որ ոչնչացված վարձկանների թվում է եղել «Սիրիայի ազգային բանակին» կից «Ֆիրքաթ Ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Ադել ալ Շահիրը:
Կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մեկ ամսվա ընթացքում առնվազն սիրիացի 188 վարձկան է սպանվել, որից միայն 123-ի դիերն են Սիրիա ուղարկվել:
Հիշեցնենք, հավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն Հայաստանյան և արցախյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։