ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի ևս մեկ արտադրողի
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի եւս մեկ արտադրողի՝ «Գեներիում» ընկերությանը: Այդ մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Նոր արտադրական հարթակները թույլ կտան զգալիորեն ավելացնել արտադրվող պատվաստանյութի ծավալները եւ, համապատասխանաբար, նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում են ստացող ռուսաստանցիների թիվը»,-նշել են գերատեսչությունում: Առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:
Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:
Հոկտեմբերին գրանցվել է եւս մեկ հայրենական պատվաստանյութ՝ «էպիՎակԿորոնա»-ն, որն ստեղծել են Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» կենտրոնում: Նաեւ կլինիկական փորձարկումներ է անցնում Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հետազոտությունների եւ իմունոկենսաբանական պատրաստուկների մշակման Չումակովի անվան կենտրոնի պատվաստանյութը: Փորձարկումներին մասնակցում են 300 կամավորներ:
Ինչպես սպասվում է, պատվաստանյութը գրանցում կարող է ստանալ մինչեւ տարեվերջ: Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ զանգվածային պատվաստումը կսկսվի արտադրության մեծ ծավալների գործարկումից հետո: Այն կլինի անվճար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: