Ի՞նչ էր իրականում ակնարկում Թրամփը
Միացյալ Նահանգները կկարողանա հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նման հայտարարությամբ կիրակի օրը հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով իր աջակիցների առաջ Նյու Հեմշիրում: Նրա այդ ելույթը հեռարձակվել է ամերիկյան լրատվական հեռուստաալիքներով: Թրամփը նաև նշել է, որ Վաշինգտոնն աշխատում է Բաքվի և Երևանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Մենք ամեն ինչ կարգի կբերենք: Դա իմ կարծիքով հեշտությամբ տեղի կունենա: Պետք է որ հեշտ լինի, երբ գիտես, թե ինչ ես անում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մինչ այդ էլ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն փորձում է հորդորել Ադրբեջանին ընդունել Հայաստանի հետ հրադադարի պայմանավորվածությունը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Թրամփի այդ ելույթին, գրել է.
«Դոնալդ Թրամփն այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը։ Ստորև ներկայացնում ենք բառացի մեջբերումը Թրամփի այսօրվա ելույթից։
Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու համար: Նրանք դժվար օրեր են ապրում, բայց ես երեկ Օհայոյում էի, մենք Օհայոյում հանդիպեցինք հիանալի հայերի խմբի հետ, ովքեր դրոշով էին և իրենց ոգով: Այն խնդիրները, որոնք նրանք ունեն, մահերը, մարտերը (նկատի ունի՝ Ղարաբաղում) այդ ամբողջը կկարգավորվի: Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Վերադարձեք և ասեք ձեր ժողովրդին, որ հարցը կլուծվի: Եթե գիտես ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել են Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ»,-գրել է ՀՀ իշխանության ներկայացուցիչը:
Թրամփի նախընտրական ելույթում հնչեցրած այդ խոսքերը շատերն են տարածում սոցցանցերում:
Իհարկե, պատերազմական վիճակում ծայրահեղ ոգևորիչ է ցանկացած միջազգային աջակցության դեպք, հայերի ու Հայաստանի մասին, այսպես ասած, դրական որևէ կարծիք, հատկապես, եթե դրանք գերտերությունների ղեկավարների կողմից են հնչում։ Այդ տեսակետից, Թրամփի արդեն երրորդ այդպիսի արձագանքը Հայաստանի և Արցախի հիմնախնդրին, իհարկե, աժիոտաժ է առաջացրել, որում, պետք է արձանագրել, որ հայ համայնքի դերակատարումը շատ մեծ է: Հայ համայնքի ներկայացուցիչներից շատերը մասնակցում են Թրամփի բոլոր հանրահավաքներին և հիշեցնում են կամ դրդում են նրան անդրադառնալ այդ խնդրին։ Մոռանանք, որ այդ ամեն ինչն արվում է ԱՄՆ նախընտրական փուլի շրջանակներում, Բայդեն-Թրամփ կատաղի մրցապայքարում։
Բայդենը մի քանի պրոհայկական հայտարարություններ հնչեցրեց վերջերս, և բնական է, որ Թրամփը նույնպես պետք է նման հայտարարություններ հնչեցներ՝ հայկական էլեկտորատի ձայները շահելու համար (ինչպես Բայդենը), ինչը նա հաջողությամբ կատարում է։ Դրանում ոչ միայն տարօրինակ ոչինչ չկա, այլև շատ նորմալ է, հայկական հարցը կշիռ է ստանում և դրանից կարող է Հայաստանն ու հայ ժողովուրդը, և Արցախը օգտվել։
Սակայն, մյուս կողմից, անթույլատրելի է Թրամփի վերջին ելույթի հետ կապված մանիպուլյացիաների կիրառումը, և եթե դա դիտավորյալ չի արվում, ապա գոնե ՀՀ քաղաքական վերնախավի ներկայացուցիչների կողմից պետք չէ սին պատրանքներ ստեղծեն։ Թրամփի այսօրվա ելույթը բացարձակ որևէ աղերս չուներ Կոսովոյի հետ զուգահեռներ տանելու թեզի հետ, որը փորձում են առաջ տանել իշխանական որոշ պատգամավորներ։
Իրականում Թրամփն իր ելույթում օգտագործեց «հայկական հարցը», որպեսզի իր ընտրազանգվածին հիշեցնի իր պաշտոնավարման վերջին շրջանում արձանագրած երկու խոշոր քաղաքական հաջողությունների մասին։ Նա իր խոսքում օրինակներ բերեց առ այն, որ հասել է Իսրայելի և որոշ արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Սուդանի, Բահրեյնի և Իսրայելի միջև, և, իհարկե, Կոսովո-Սերբիա պայմանավորվածությունը, որը նրա արտաքին քաղաքական ամենամեծ հաջողություններից մեկն է։ Եվ, ի վերջո, նա իր ելույթում որևէ խոսք չասաց Արցախի և Արցախյան հիմնահարցի մասին։ Նա խոսում էր հայերի և Հայաստանի մասին, և այստեղ զուգահեռ տեսնել Արցախի և Կոսովոյի միջև, կարծում ենք, առնվազն քաղաքական միամտություն է, որովհետև Թրամփի գնահատմամբ Արցախի հիմնախնդիրը Հայաստան-Ադրբեջան շրջանակներում է, և գուցե այս հակամարտությունը լուծելու որոշակի ալգորիթմենր նա ունի, ինչպես Կոսովո-Սերբիա կոնֆլիկտն էր։ Ընդամենն այսքանը: Այդ իսկ պատճառով սխալ պատրանքները քաղաքական վերնախավի կողմից կարող են հասարակության մոտ սին պատրանքներ ստեղծել, ինչն իր հերթին կարող է վտանգավոր լինել ոչ միայն հակամարտության տեսակետից, այլև աշխարհաքաղական մթնոլորտի։