«Ենթադրում եմ՝ դիվանագիտական լեզվով Թուրքիային ասում են այն, ինչ որ ասում են բոլորը, որ Թուրքիան չպետք է այս կոնֆլիկտը տաքացնի, պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը». Դանիել Իոաննիսյան

ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում, որպեսզի նվազեցվի Լեռնային Ղարաբաղում լարվածությունը: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ, սակայն ես նաև Թուրքիայից ակնկալում եմ տարածաշրջանում նրա զգալի ազդեցության օգտագործում (Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում,- Գ.Ս.) լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Ստոլտենբերգը:

168.am«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ հիմնադիր Դանիել Իոաննիսյանին խնդրեց մեկնաբանել ՆԱՏՕ-ի այս հայտարարությունը:

«Ցավոք, իմ ժամանակը չի հերիքում հետևել բոլոր հայտարարություններին: Այս հայտարարության մասին գիտեմ այնքանով, որքանով Դուք մեջբերեցիք: Ասեմ, որ ենթադրում եմ՝ դիվանագիտական լեզվով Թուրքիային ասում են այն, ինչ որ ասում են ըստ էության բոլորը, որ Թուրքիան չպետք է այս կոնֆլիկտը տաքացնի, պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Դանիել Իոաննիսյանին հիշեցրինք պատերազմի հենց առաջին օրը տեղի ունեցած մեր զրույցը, նշեցինք, որ նա շատ ոգևորված էր այդ օրը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կատարած հայտարարությամբ:

«…ՆԱՏՕ-ի արձագանքից դատելով՝ ՆԱՏՕ-ի և Թուրքիայի մոտեցումները լիովին տարբերվում են: ՆԱՏՕ-ն կոչ է անում խաղաղության, իսկ Թուրքիան ամբողջությամբ աջակցում է Ադրբեջանին: …Նրա արձագանքը խաղաղության կոչ էր: Թուրքիան աջակցում է ագրեսոր Ադրբեջանին, ՆԱՏՕ-ն  կոչ է անում խաղաղության: Դրանք հստակ, տրամագծորեն տարբերվող մոտեցումներ են: Իսկ ՀԱՊԿ մոտեցումն ընդհանրապես չկա: Ո՞րն է ՀԱՊԿ-ի մոտեցումը»,- դեռևս սեպտեմբերի 27-ին ասել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ հիմնադիրը:

Կրկին հարցրինք՝ արդյո՞ք ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի երեկվա հայտարարությունը չէր նշանակում ձեռք առնել հայկական կողմին, քանի որ Թուրքիան բացահայտ մեկ ամիս շարունակ հայտարություններով, և՝ ոչ միայն, աջակցում է Ադրբեջանին:

«Մեղմ ասած, ոչ միայն զինուժով: Թուրքական զինված ուժերն ուղղակիորեն կռվում են հայկական բանակի դեմ: Պետք է ասեմ, որ ակնհայտ է՝ ՆԱՏՕ-ն չի կիսում այդ մոտեցումը: Նա դիվանագիտորեն իր անդամներից մեկին ասում է` քո մոտեցումը սխալ է, դու պետք է փոխես քո մոտեցումը»,- նշեց Դանիել Իոաննիսյանը:

Նա հավելեց, սակայն, որ ինքը, իհարկե, կուզենար շատ ավելի կոշտ բառապաշար լսել ՆԱՏՕ-ի կողմից:

«Ինձ թվում է, որ ՆԱՏՕ-ում էլ են շատ լավ հասկանում, այնտեղ միամիտ մարդ չկա, որ, եթե Թուրքիան կոնֆլիկտը չտաքացնի, այն շատ արագ կավարտվի: Մարտական գործողությունները շատ արագ կդադարեն»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Նա կրկին նկատեց, որ ՆԱՏՕ-ն շատ մեղմ բառապաշար է կիրառել:

«Այս առումով շատ ավելի ողջունելի են Ֆրանսիայի, Ավստրիայի, Ռուսաստանի, մի շարք այլ երկրների, նաև ԱՄՆ-ի հայտարարությունները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի բառապաշարը շատ ավելի մեղմ էր, թեպետ բովանդակությունն էլի նույնն էր: Բոլորը շատ լավ հասկանում են, թե ինչ դերակատարում ունի Թուրքիան այդ կոնֆլիկտում, բայց ՆԱՏՕ-ի այդ մեղմ բառապաշարը, իհարկե, ինձ չի ոգևորում»,- եզրափակեց Դանիել Իոաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս