«Եվրոպացիները երբեք ահաբեկիչների հետ չեն համագործակցել, իսկ հիմա ի՞նչ է կատարվում». հայերի բողոքի ակցիան՝ Եվրոպական դատարանի առջև
Եվրոպայի տարբեր երկրների մեր հայրենակիցները բողոքի ակցիան են անցկացնում Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ-ի առջև:
«Մեր երկիրը ծանր վիճակում է գտնվում, մենակ է մնացել, պահանջում ենք, որ Եվրոպան ճանաչի Արցախի անկախությունը: Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի մոտ ենք, թող հարգեն մարդու իրավունքները, դադարեցնեն արյունահեղությունը: Ունենք գերիներ, որոնց հետ ադրբեջանցիները շատ վատ են վարվում: Ինչո՞ւ է աշխարհը լռում, կուրացե՞լ են: Այսօր այստեղ ենք, վաղն օդանավակայան էլ ենք փակելու, եթե մեզ չլսեն: Մեր ուզածը խաղաղությունն է, պատերազմը պետք է վերջանա, իսկ դրա համար մեկ բան է պահանջվում՝ ճանաչել Արցախի անկախությունը:
Ինչո՞ւ են ադրբեջանցիները գերիների հետ վատ վարվում ու գնդակահարում, այն դեպքում, երբ հայերը նրանց գերիներին բժշկում են: «Ալիև տեռորիստ», Էրդողա՛ն տեռորիստ», «կանգնեցրե՛ք արյունահեղությունը: Պահանջում ենք, որ Թուրքիային հեռացնեն ՆԱՏՕ-ից: Եվրոպացիները երբեք ահաբեկիչների հետ չեն համագործակցել, իսկ հիմա ի՞նչ է կատարվում»,- վանկարկում էին մեր հայրենակիցները:
Նրանք նշեցին, որ կան լրատվականներ, որոնք սխալ են լուսաբանում կատարվածը: Պահանջը ներկայացրեցին նաև անգլերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով: Տեղեկացրեցին, որ թուրքերն ու ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա, գողացել ու ուզում են գողանալ մեր հողերը: Ավելին, եթե այս պատերազմը կանգ չառնի, այն հասնելու է նաև Եվրոպա: