
«Կան բնակավայրեր, որոնք շատ քարտեզներում համարվում են Ադրբեջանի ԶՈւ հսկողության տակ, բայց մինչև այսօր այդտեղ չկա նրանց վերահսկողությունը». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղությամբ: Առավել համառ մարտեր ընթացել են հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում հայկական զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներ և հետ շպրտել ելման բնագծեր:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ երեկ երեկոյան ժամանակահատվածից սկսած և այսօր օրվա ընթացքում մի քանի անգամ մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ:
«Այդ թվում` թուրքական արտադրության, ընդ որում, 2020 թվականի սեպտեմբերի արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ»,- հավելեց նա:
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս պահին էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, իհարկե, ոչ այն ինտենսիվությամբ, ինչ ցերեկային ժամերին:
«Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այդ մարտական գործողություններն ունեն հստակ մարտավարություն, որը շատ լավ հասկանում ենք: Մեր հրամանատարությունը դա շատ լավ պատկերացնում է: Ես կուզենայի այս մարտավարության մասին մի երկու բառ նշել, որպեսզի մեր փորձագիտական, լրատվական, ինչու չէ նաև` որոշ այլ շրջանակներում ավելի պարզ լինի: Խոսքն այն մասին է, որ հաճախ ադրբեջանական ԶՈւ դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը թափանցում են մեծ ռազմաճակատային բնակավայրեր, որտեղ լինում են բնակիչներ, կամ չեն լինում: Կամ այդ բնակավայրերն ընդհանրապես բնակեցված չեն լինում շատ վաղուց, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, որն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ցավալիորեն ազդում է նաև մեր հանրության վրա, լրատվադաշտում: Կան բնակավայրեր, որոնք 10-15 օր առաջ համարվում էին Ադրբեջանի ԶՈւ կողմից գրավված, նույնիսկ` շատ քարտեզներում, համացանցում համարվում են իրենց զինված ուժերի հսկողության տակ, բայց մինչև այսօր այդտեղ չկա իրենց վերահսկողությունը: Եվ բոլոր մուտք ու ելքերը, քիչ թե շատ ստորաբաժանման նմանություն ունեցող զորախմբերով, ջախջախվում են հիմնականում հեռահար կրակով, կամ մեր ստորաբաժանումների այլ գործողություններով: Բայց մինչև այսօր դրանք համարվում են իրենց համար արդեն գրավված տարածքներ: Խնդրում եմ բոլորիդ` նման լուրերը մեր դաշտ չբերել, չքննարկել»,-շեշտեց ՊՆ ներկայացուցիչը: