«Ականատես ենք լինում, երբ առավելապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք են հրավիրվում ոստիկանություն և տուգանվում». Վահե Գրիգորյան

Սեպտեմբերի 27-ից սկսված՝ պատերազմական գործողությունների առաջին օրվանից, բոլոր լրատվամիջոցները բարեխղճորեն կատարում են իրենց մասնագիտական առաքելությունը՝ հասարակությանը ներկայացնելով կատարվածի մասին տեղեկություններ, ընդ որում, դա կատարում են՝ խստորեն հետևելով պատկան մարմինների՝ տեղեկատվական անվտանգության նկատառումներով սահմանած կանոններին։

Լրագրողներն ունեն շատ տեղեկություններ, սակայն պահպանելով երկրում հայտարարված ռազմական դրության պայմանները՝ հրապարակում են դրանց չնչին մասը՝ պատերազմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարությանը և պետությանը չվնասելու նպատակով։

Ցավոք, սակայն, բազմաթիվ պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ պատգամավորներ, մի շարք հանրային գործիչներ թիրախավորում են առանձին լրատվամիջոցների ու լրագրողների՝ խտրություն չդնելով օգտագործվող բառամթերքի, լրագրողներին տրվող պիտակավորումների միջև։ Եվ շատ հաճախ նրանք օգտագործում են այնպիսի բառամթերք, որը հարիր չէ պետական պաշտոնյային ու հանրային գործչին: Ընդհուպ արձանագրվել են հանրային գործիչների կողմից լրագրողների նկատմամբ սպառնալիքների, ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքեր։

Ասվածը վկայող բազում ապացույցներ ունենք, որը, սակայն, այս պահին հասկանալի պատճառներով չենք հրապարակում:

2020 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունեց 1655-Ն որոշումը ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ արգելք է սահմանվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակման վրա։

Դրան հաջորդեց Խորհրդարանում ընդունված Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է համապատասխանաբար վարչական ու քրեական պատասխանատվություն՝ սահմանափակումները խախտելու համար։ Սահմանվել են հսկայական  տուգանքներ, որոնք ԶԼՄ-ների համար կարող են խնդրահարույց լինել մի շարք, այդ թվում՝ համաչափության սկզբունքի տեսանկյունից։

Վերոնշյալ կարգավորումները  լուրջ խոչընդոտներ են ստեղծում ԶԼՄ-ների աշխատանքում, խնդրահարույց են թե՛ տեղեկատվության ազատության ոչ իրավաչափ սահմանափակումների տեսանկյունից, և թե՛ նախատեսված սահմանափակումները խախտելու համար սահմանվող պատասխանատվության վերաբերյալ կարգավորումների տեսանկյունից։

ՀԺՄ-ը և 24 լրատվամիջոցներ հանդես եկան այս օրենսդրական փաթեթը դատապարտող հայտարարությամբ, այն հրապարակեցին մի քանի տասնյակ լրատվամիջոցներ, և մենք կրկին թիրախավորվեցինք՝ այս անգամ հայտնվելով ոստիկանության տեսադաշտում:

Ստեղծված պայմաններում անասելի բարդանում է ԶԼՄ-ների աշխատանքը նաև տեխնիկական տեսանկյունից, քանի որ թե զրուցակիցներ գտնելն է անչափ դժվարացել, որովհետև մարդիկ զգուշանում են անգամ ամենաանմեղ թեմաների վերաբերյալ կարծիք հայտնելուց, և թե ցանկացած հեղինակային նյութի հրապարակումն է բարդացել: Պատճառը մեկն է. ցանկության դեպքում կարելի է ամեն բառից կառչել, իսկ հետևանքը՝ ահռելի տուգանքներ:

Իրավաբան, սահմանադրագետ Վահե Գրիգորյանին 168.am-ը խնդրեց մեկնաբանել ստեղծված իրավիճակը, ընդունված օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը:

«Նախ՝ թույլ տվեք ասել, որ սա պատերազմ է, որի մասին ես և առհասարակ բոլոր ողջամիտ մարդիկ վաղուց խոսում էինք ու զգուշացնում, և ամեն տեսակ տխմարությամբ զբաղվելու փոխարեն՝ անհրաժեշտ էր պատրաստվել պատերազմի, քանզի Բաքուն երբեք չի թաքցրել իր ցանկությունները»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է այս սահմանափակումների սահմանադրականությանը՝ նա նշեց, որ ինքը հասկանում և ընդունում է, որ ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի ուժով ռազմական դրությունը թույլ է տալիս սահմանափակել մի շարք իրավունքներ և ազատություններ, այդ թվում` կարծիքի արտահայտման ազատությունը, սակայն միայն օրենքով սահմանված կարգով, որը տվյալ դեպքում փաստացի չունենք:

«Սակայն հատուկ ընդգծեմ, որ պատերազմական երկրում բարոյական չեմ համարում պառակտիչ հրապարակումները՝ լինի հեղինակը իշխանամետ թե ընդդիմադիր, իսկ հանուն արդարության պետք է նշեմ, որ առավելապես ընդդիմադիրներն են ցուցաբերում  միասնական և համախմբված մոտեցում»,- նկատեց սահմանադրագետը:

Ինչ վերաբերում է ապատեղեկատվությանը, ապա այն այս դեպքում չափազանց վտանգավոր է, բայց պաշտոնական տեղեկատվությունը պիտի լինի հստակ, համապարփակ ու լրիվ, որպեսզի մարդիկ լիարժեք տեղեկացված լինեն ամենի մասին և ինֆորմացիայի այլ աղբյուրներ չփնտրեն և չտարածեն:

«Իսկ Ոստիկանություն կանչվելու ու տուգանվելու դեպքերը պետք է լինեն կամ երկկողմանի, կամ առհասարակ չլինեն, մինչդեռ մենք ականատես ենք լինում, երբ առավելապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք են հրավիրվում ոստիկանություն և տուգանվում, իսկ իշխանության որոշ ներկայացուցիչները, ովքեր նույնպես ունենում են նույնաբովանդակ գրառումներ, ոչ մի վարչարարության չեն ենթարկվում. մինչդեռ դա օրենքի խախտում է, քանզի Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի համաձայն. «Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք» …. Եվ վերջապես, օրինականությունը, անգամ սահմանափակումների պարագայում, պետք է լինի գերակա: Հատուկ հիշեցնեմ, որ միայն Օրուելի «Անասնաֆերմայում» էր, երբ բոլոր անասունները հավասար էին, իսկ որոշ անասուններ ավելի հավասար էին»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ինքը հավատում և վստահում է Հայկական երկու պետությունների զինուժին ու նրա մարտունակությանը, երբեք դրանք կասկածի տակ չի դրել, իսկ զինուժը երբևիցե քննադատողը, անկախ պատերազմական իրավիճակից կամ դրա բացակայությունից, անբարոյական դավաճան է:

«Կրկին կոչ եմ անում լինել միասնական և առաջնորդվել բացառապես օրենքի գերակայությամբ, չտարածել ապատեղեկատվություն. սա ճակատագրական ժամանակահատված է, իսկ մենք պարտվելու իրավունք չունենք»,- եզրափակեց Վահե Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս