«Անհրաժեշտ է Ռուսաստանի շոշափելի աջակցությունը, որ ձախողենք թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները». Ավետիք Չալաբյան

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ: Հրադադարի հաստատման մասին այս պայմանավորվածությունն Ադրբեջանը խախտեց, իսկ  ավելի վաղ էլ խախտել էր հումանիտար զինադադարը, որը հայտարարվել էր Ռուսաստանի միջնորդությամբ։

«Ազգային օրակարգ»  կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի համոզմամբ՝ քանի որ հակառակորդն իրականացնում է հարձակողական գործողություններ ռազմաճակատի հարավային հատվածում, ենթադրվում է, որ իրական հրադադար կհաստատվի միայն այն ժամանակ, երբ հայկական կողմը հակառակորդին պարզապես այն կպարտադրի։

«Հրադադար կհաստատվի միայն այն դեպքում, երբ մենք կարողանանք հուսալիորեն հակառակորդին կանգնեցնել ու նրան պարտադրել այդ հրադադարը, այսինքն՝  հակառակորդը հարկադրված լինի ինքը հրադադար խնդրել, իսկ այս պահին նա դրա մոտիվացիան դեռ չունի»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահող երկրներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ից մեր ակնկալիքներին, Չալաբյանը նկատեց, որ պատերազմի այս 23 օրերի ընթացքում այդպես էլ ակնհայտ  չդարձավ, թե ԱՄՆ-ը այս կոնֆլիկտում ո՞ւմ է աջակցում։

«Դա ցավալի է, որովհետև ԱՄՆ-ը, լինելով աշխարհի առաջին ռազմական գերտերությունը, կարող էր օգտագործել և՛ իր հեղինակությունը, և՛ ռազմական ուժը, որպեսզի խաղաղություն պարտադրի կողմերին։ Այս հնարավորությունն այդ երկիրն  ունի և այն օգտագործել է, օրինակ, Կոսովոյի և Բոսնիա-Հերցեգովինայի դեպքում, իսկ մեր դեպքում  դեռ չի օգտագործում»,- ասաց Չալաբյանը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը կարող էր առնվազն սահմանափակել Թուրքիայի ախորժակն այս հակամարտության հարցում, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիան հսկայական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ գրոհային ինքնաթիռների և ԱԹՍ-ների տեսքով, ինչն ադրբեջանական բանակի դեմ ցամաքում բավականին արդյունավետ կռվող մեր հայկական ուժերի  համար խնդիրներ է ստեղծում և խանգարում։

«Օրինակ՝ լավ կլիներ, եթե այսօր կայացվող ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստի ժամանակ Արցախի  երկինքը ոչ թռիչքային գոտի հայտարարվելու մասին փաստաթուղթ ընդունվեր։ Պատմականորեն նման օրինակն էլ կա՝ Լիբիան է։ Այդ դեպքում՝ ադրբեջանաթուրքական տանդեմի՝ օդում ունեցած գերակայությունը միջազգային հանրության գործիքակազմով հնարավոր  կլինի չեզոքացնել և կանխել։ Նման եղանակով հնարավոր կլինի այս պատերազմը խելամիտ պայմաններով ավարտել»,- ասաց Չալաբյանը՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը սեպտեմբերի 27-ից սկիզբ առած այս կոնֆլիկտը պետք է դիտարկի՝ որպես 21-րդ դարի խոշորագույն կոնֆլիկտ, որը տարածաշրջանային անվտանգության համար մի մեծ ական է և կարող է իր հետևանքներով դառնալ սիրիականին համարժեք, ինչի պատճառով 5 միլիոն մարդ փախստական դարձավ՝ Եվրոպային կանգնեցնելով հումանիտար խնդրի առաջ։

Ըստ Չալաբյանի՝ սին են պատրանքները, թե այս պատերազմը կարող է ավարտվել միան Արցախի Հանրապետության սահմաններով, և թեև քաղաքական հռետորաբանության մակարդակով գուցե դա է հռչակվում, սակայն ռազմական գործողությունների տրամաբանությունն ու օգտագործող միջոցները փաստում են, որ ռազմական գործողությունների աշխարհագրությունը թշնամին նպատակ ունի  ընդլայնել, մասնավորապես՝ հասնել Սյունիք։

«Սյունիքի մարզում մենք ունենք 45 կիլոմետրանոց սահման Իրանի  հետ, և այն  կտրելը թշնամու երազանքն է վերջին 100 տարվա ընթացքում։ Եթե, ենթադրենք, հիպոթետիկ մենք կորցնենք Մեղրին, դա նշանակում է, որ Թուրքիան միանում է Ադրբեջանի հետ՝ դրանով փակելով Իրանի ամբողջ հյուսիսային սահմանը»,- ասաց նա։

Երբ կոնֆլիկտն ուղղակիիորեն սկսում է արդեն հասնել Հայաստանի սահմաններին, ապա,  ըստ Չալաբյանի, ՀՀ-ի դաշնակից Ռուսաստանը պետք է իր դաշնակցին աջակցի ոչ միայն՝ խոսքով, այլ գործով՝ ռազմական և ռազմաքաղաքական։

«Թուրքիան ստեղծված իրավիճակում վարպետորեն է խաղարկել իր խաղաքարտերը և Ռուսաստանին դրել է վատ վիճակի մեջ։ Եթե Ռուսաստանը շոշափելի աջակցություն չցուցաբերի ՀՀ-ին և Արցախին, կա հավանականություն, որ այս պատերազմը կարող է անբարենպաստ ելք ունենալ մեզ համար, իսկ դա կբերի Ռուսաստանի ՝ տարածաշրջանում ունեցած ազդեցության շոշափելի թուլացման։ Անհրաժեշտ է Ռուսաստանի շոշափելի աջակցությունը, որ ձախողենք թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները։ Սակայն կա նաև դրա հակառակը կողմը՝ եթե Ռուսաստանը շատ  ակտիվորեն միջամտի, դա կարող է բերել Ռուսաստանի ազդեցության նվազմանն Ադրբեջանում, որը ՌԴ-ի համար կարևոր տնտեսական գործընկեր է։ Ռուսաստանը դժվար երկընտրանքի առաջ է կանգնել՝ և միջամտությունն է խնդիրներ ստեղծում, և չմիջամտությունը»,- ասաց Չալաբյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս