ՀՀ ԱԳ նախարարն էստոնացի գործընկերոջը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։
Նախարար Մնացականյանն իր էստոնացի գործընկերոջն իրազեկել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմի հանցագործությունների մասին, որոնք արտահայտվում են խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, սեփական հսկողության տակ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքով և դաժան սպանություններով, մշակութային, կրոնական և պատմական կոթողների շարունակական և դիտավորյալ հրթիռակոծմամբ։
Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքները կրակի դադարեցման ուղղությամբ՝ Զոհրաբ Մնացականյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ՌԴ և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված համապատասխանաբար հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների բացահայտ չկատարումը։
Այս համատեքստում նախարար Մնացականյանն իր խորը մտահոգությունն է հայտնել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին Թուրքիայի բացասական ներգրավվածության առնչությամբ` ընդգծելով, որ վերջինիս ապակայունացնող գործելաոճը աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը կայուն և կրակի դադարեցման վերիֆիկացվող ռեժիմի հաստատման անհրաժեշտության վերաբերյալ։