Բաժիններ՝

Մելիքսեթ Պողոսյանի կոչը հերոսական Սյունիքի բնակչությանը

Սիրելի հայրենակիցներ

Սեպտեմբերի 27-ին սկսած Հայրենական պատերազմը շարունակում է սաստկանալ եւ ավելի դաժան դրսեւորումներ ունենալ:

Մեր հերոս զավակների խիզախության ու նաեւ նրանց կյանքի գնով կարողանում ենք ձախողել ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական զորքերի առաջխաղացումը:

Չնայած հրադադարի ու զինադադարի մասին եռակողմ հայտարարություններին, ռազմաճակատի հարավային թեւում մարտական գործողությունները նոր թափ են առնում:

Օրհասական ստեղծված իրավիճակում առավել արմատական քայլեր չձեռնարկելու դեպքում մարտական գործողությունները կարող են մոտենալ Սյունիքի սահմաններին, ինչը ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ:

Ռազմաճակատը յուրաքանչյուրիս ֆիզիկական մասնակցության եւ յուրաքանչյուրիս սխրանքի կարիքն ունի:

Կոչ եմ անում բոլորիդ եւ հատկապես ֆիզիկական ու ռազմական կարողություններով օժտված տղամարդկանց՝ կամավորագրվել ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի՝ կազմավորվող նոր գումարտակին՝ անհապաղ ռազմաճակատ մեկնելու համար:

Մարզի ամեն մի տարածաշրջանից 50 մահապարտ կամավորագրվելու դեպքում մենք կկարողանանք ոչ միայն դիմակայել թշնամուն, այլեւ հակագրոհի անցնել:

Սիրելի հայրենակիցներ

Մեր ժողովուրդը ճակատագրական օրեր է ապրում, սրբազան պատերազմ է…

Պատմության ամենադժվարին իրավիճակներում անգամ Սյունիքն իր վճռորոշ խոսքն ասել է: Մենք պետք է հավատարիմ մնանք մեր հերոս նախնիների՝ պարտություն չհանդուրժող եւ հաղթական ոգուն:

Բոլոր կամավորականները, ում համար սրտամոտ է իմ կոչը, ովքեր կարձագանքեն այս մարտակոչին, թող մինչեւ օրվա վերջ տեղյակ պահեն մեզ եւ պատրաստ լինեն ռազմաճակատ մեկնելու:

Հանուն հայրենիքի, հանուն ազատության՝ ի զեն, սյունեցիներ:

Մելիքսեթ Պողոսյան (Մելո)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս