Ծովահենները Գվինեական ծոցում գրոհել են ևս մեկ լցանավի վրա. Dryad Global
Ծովահենները Գվինեական ծոցում գրոհել են PTI Nile լցանավի վրա, որը գրանցված է Հոնկոնգում: Հոկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել է Dryad Global պորտալը, որը մասնագիտացած է ծովում անվտանգության հարցերի բնագավառում:
Պորտալի տվյալներով՝ ծովահենները նավը զավթել են հոկտեմբերի 17-ի երեկոյան Տոգոյի մայրաքաղաք Լոմե նավահանգստից 115 ծովային մղոն դեպի հարավ: Ամենայն հավանականությամբ, նշում է պորտալը, նրանք բարձրացել են նավ: Այժմ լցանավն անշարժ գտնվում է միջադեպի շրջանում, այնտեղից ոչ մի կարգի ազդանշաններ չեն ստացվում: Առայժմ հայտնի չէ, թե ինչ է կատարվում նավում, և վերջինիս անձնակազմի վիճակը:
Անձնակազմի անդամների քաղաքացիության մասին տվյալները չեն հայտնում: Գվինեական ծոցում PTI Nile-ի վրա հարձակումը հոկտեմբերի 17-ին դարձել է երկրորդը:
Ավելի վաղ ծովահենները գրոհել էին Methane Princess հեղուկացված գազ փոխադրող լցանավի վրա, որը խարսխակայանում կանգնած էր Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբո նավահանգստի մերձակայքում, և պատանդ են վերցրել Ֆիլիպինների քաղաքացու: Գվինեական ծոցն այսօրվա դրությամբ համաշխարհային օվկիանոսի ամենավտանգավոր գոտին է ծովահենների կողմից սպառնալիքի պատճառով: Միջազգային ծովային բյուրոյի տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Գվինեական ծոցում ծովահենները նավերից պատանդ են առևանգել 80 ծովայինների կամ աշխարհի ծովերում առևանգվածների ընդհանուր թվի 95 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: