«Իրանն արդեն ասել է, որ իր տարածքի նկատմամբ ոտնձգությունները չի հանդուրժելու». Իրանագետ

Հոկտեմբերի 13-ի առավոտյան իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի Արդաբիլ նահանգի Փարսաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Ուզունթափե գյուղի դաշտերում ընկել է ԱԹՍ:

Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 7-ին Իրանի նախագահը Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ թույլ չի տա, որ ահաբեկիչներ տեղակայվեն Իրանի սահմանների մոտ. «Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներում ես բարձրացրել եմ Իրանի տարածքների ու սահմանների անվտանգության հարցը»,- հայտնել էր Ռուհանին` հավելելով, որ այս հակամարտությունը կրակի, պատերազմի ու արյան միջոցով չի լուծվելու։

Նշենք նաև, որ այսօր ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել էր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ: Լևոն Այվազյանը տեղեկացրել էր, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին. Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումն ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով:

168.amի հետ զրույցում իրանագետ Ահարոն Վարդանյանն ասաց, որ Իրանն արդեն արձագանքել է իր տարածքում հայտնված ԱԹՍ-ի դեպքին։

«Իրանի հակաօդային ուժերն են զգետնել այդ ԱԹՍ-ն։ Այստեղ ամեն ինչ պարզ է, և մեկ անգամ չէ, որ Իրանը հայտարարել է, որ թույլ չի տալու, որպեսզի իր տարածքը դարձնեն թատերաբեմ։ Իրանն արդեն ասել է, որ իր տարածքի նկատմամբ ոտնձգությունները չի հանդուրժելու։ Խնդիրն այն է, որ այդ ԱԹՍ-ն իսրայելական արտադրության է, տեղի ռազմական փորձագետները և վերլուծաբանները բարձրաձայնում էին, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ հակամարտության գոտուց  այդքան հեռավորության վրա հայտնվում է իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարք»,- նշեց Ահարոն Վարդանյանը։

Անդրադառնալով թշնամու կողմից Արաքս գետի վրա կառուցված ջրամբարը թիրախավորելուն, որը մեծ մասամբ օգտագործվում է Իրանի կողմից, Ահարոն Վարդանյանն ասաց, որ իրանական կողմից այդ ջրամբարի հետ կապված անհանգստություններ արդեն եղել են։

«Հանդիպել եմ մի քանի վերլուծությունների ու մեկնաբանությունների, որ, եթե ջրամաբարը վերացվի, ապա դա Իրանի համար կարող է ծանր հետևանքներ ունենալ, հետևաբար՝ այդ ամենը կարող է հանգեցնել խիստ աղետների»,- եզրափակեց Ահարոն Վարդանյանը։

Նշենք, որ վերջերս Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ վերջին օրերի ընթացքում թուրք-ադրբեջանական-ահաբեկչական այս եռամիասնության կարևոր ռազմական թիրախներից մեկը հանդիսանում է Արաքս գետի վրա Խուդավերինի կամուրջի մոտակայքում կառուցված ջրամբարը և նրան տիրանալը։

Տեսանյութեր

Լրահոս