Բաժիններ՝

Միացյալ Թագավորությունը դատապարտում է քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը

Միացյալ Թագավորությունը դատապարտում է ԼՂ հակամարտության ընթացքում քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը: Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ասել է Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Մյուրեյը:

«Միացյալ Թագավորությունը ողջունել է հումանիտար կրակի դադարեցման մասին հայտարարությունը, և մենք տագնապով տեսնում ենք, որ այն չի հարգվում։ Մենք դատապարտում ենք քաղաքացիական բնակավայրերի շարունակվող գնդակոծությունները և անհանգստացած ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդումներով: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին: Հումանիտար իրավիճակը շարունակում է վատթարանալ, և մենք հատկապես մտահոգված ենք երեխաների համար»,- նշել է Մյուրեյը:

Նա չափազանց կարևոր է համարել, որ հակամարտության կողմերն անհապաղ դադարեցնեն բռնությունը, կատարեն հոկտեմբերի 10-ի համաձայնությունը և վերադառնան առարկայական բանակցություններին՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

«Միացյալ Թագավորությունը կոչ է անում երկու պետությունների բոլոր բարեկամներին կրկնապատկել իրենց ջանքերը ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու ուղղությամբ և ձեռնպահ մնալ միջոցներ ձեռնարկելուց, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի հետագա սրմանը: Ինչպես արդեն հայտարարել ենք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը վաղուց է հասունացել։ Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական գործողությունների։ Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և աշխատեն առանց նախապայմանների այդ նպատակին հասնելու ուղղությամբ»,- ասել է ՄԹ ներկայացուցիչը:

Մյուրեյը հավելել է, որ Միացյալ Թագավորությունը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում նրանց միջնորդական դերակատարության հարցում:

«Մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների ներկայացուցիչների վերջերս արված համատեղ հայտարարություններին: Մենք նաև երախտապարտ ենք դեսպան Անջեյ Կասպրշիկին և նրա թիմին` նրանց մշտական աշխատանքի համար»,- նշել է Մյուրեյը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս