Սա սովորական պատերազմ չէ, միակ փրկությունն Արցախի միջազգային ճանաչման մեջ է. Ֆրանսիայի հայերը կհասնեն մինչև նախագահ Մակրոնի նստավայր
Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ, որն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ֆրանսուա Պուպոնը: Օրինագիծը կքննարկվի առաջիկա շաբաթների ընթացքում:
Ազգային ժողով ներկայացված բանաձևում պատգամավորներ Ֆրանսուա Պուպոնին և Գի Թեսիեն կառավարությանը հորդորում են անհապաղ սկսել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ երկրի իշխանությունների հետ՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար:
lefigaro.fr-ի փոխանցմամբ՝ մոտ քսան պատգամավոր պահանջել է, որպեսզի Ֆրանսիան անհապաղ ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Հայ համայնքի ներկայացուցիչներն այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են տանում, երթեր, ցույցեր են կազմակերպում:
«Կիրակի օրն Արցախի ճանաչման պահանջով քայլերթ ենք կազմակերպելու՝ Ազգային ժողովից մինչև Ելիսեյան պալատ՝ Ֆրանսիայի նախագահի նստավայր և Արտաքին գործերի նախարարություն: Հիմնականը, անշուշտ, Արցախի անկախությունը ճանաչելու պահանջն է: Իբրև Ֆրանսիայի քաղաքացիներ, որոնց ընտրությամբ է նաև ձևավորվել այս խորհրդարանը, իրավունք ունենք Ֆրանսիայի Ազգային ժողովից պահանջել՝ ճանաչելու Արցախի անկախությունը, որովհետև Արցախը գտնվում է իրական վտանգի առջև: Սա սովորական պատերազմ չէ, այստեղ Արցախի ժողովրդի գոյության հարցն է, և այս առումով միակ փրկությունն Արցախի միջազգային ճանաչման մեջ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը:
Նա հայտնեց նաև, որ օրինագծի քննարկման հստակ օր նշված չէ, բայց հավանական է, որ առաջիկա երեքշաբթի բերվի օրակարգ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 1-ին Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն: «Ես Ալիևին ուղիղ ասել եմ՝ հարվածը, որն Ադրբեջանը կիրակի հասցրել է Լեռնային Ղարաբաղին, չունի ոչ մի արդարացում»,- նշել է Մակրոնը:
Նա հաստատել է նաև ջիհադիստների ներկայությունն Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններում: «Ունենք փաստեր Սիրիայից վարձկանների ներգրավման մասին»,- ասել է նա: