Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ժամանակավորապես կարգելվի. քննարկման է դրվել կառավարության որոշման նախագիծը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման՝ e-draft.am կայքում այսօր շրջանառության մեջ է դրվել  «ՀՀ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ նախագիծ

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման սահմանափակումը նախևառաջ  ենթադրում է անվտանգության բաղադրիչ, քանի որ «փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում են տարածաշրջանում կայունությունը և տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»:

Ըստ ներկայացված նախագծի՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում, հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին՝ դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը:

Էկոնոմիկայի նախարարությունից նաև տեղեկացրել են, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծման կամ տեղական արտադրության շնորհիվ:

«2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի՝ կազմել է 268.1 մլնԱՄՆ դոլար։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքախմբերն են՝ hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։

2019 թվականին Թուրքիայից ներմուծված 128 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների կազմում, նախնական գնահատականներով՝ վերջնական սպառման ապրանքները կազմում են մոտ 100 մլրդ դրամ։ Միջանկյալ սպառման ապրանքների արժեքը կազմում է 28 մլրդ դրամ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծի քննարկման համար սահմանված է ավելի քան 2 շաբաթ ժամանակ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից՝ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելուց հետո, հայաստանյան շատ վաճառակետեր իրենց վաճառքից  արդեն իսկ հանել են թուրքական ծագում ունեցող արտադրանքը:

 

Տեսանյութեր

Լրահոս