Թուրքիայի շուրջ տարածաշրջանային օղակը շարունակվում է սեղմվել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ ««Թուրքիան տարածաշրջանում խնդիրներ է ստեղծում գրեթե բոլոր ուղղություններով։ Այս երկիրը ներգրավվել է տարբեր հակամարտությունների մեջ, որի պատճառով սրվել են Թուրքիայի և հարևանների հարաբերությունները։ Խնդիրն այն է, որ թուրքական վերնախավը կորոնավիրուսի ճգնաժամի արդյունքում երկրում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում փորձում է ավելի բորբոքել հանրության ազգայնական կրքերը և փորձել դրանով պահել իր վարկանիշը։ Թուրքիայի շուրջ բավական բարդ միջազգային իրադրություն է ստեղծվել։ Լիբիայից մինչև Արցախ ընկած տարածքում անկայունություն ստեղծելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ այս երկրի համար՝ մանավանդ, որ Թուրքիան միջազգային հանրության շրջանում սկսել է ասոցացվել ահաբեկչության սպառնալիքի հետ։

Թուրքիայից եկող ահաբեկչական սպառնալիքի վտանգավորությունը շատ բարձր է հատկապես Արցախում, քանի որ Անկարան զբաղված է վարձկան զինյալներ և ահաբեկիչներ արտահանելով հակամարտության գոտի, որն ավելի է սրում իրավիճակը և դարձնում անկայուն։ Այսպիսի իրավիճակով պայմանավորված՝ իրենց մտահոգությունն են հայտնել Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան և այլ երկրներ։ Խնդիրն այն է, որ ահաբեկչական վտանգը կարող է շատ արագ դուրս գալ հակամարտության շրջանակներից և հրդեհել ողջ տարածաշրջանը՝ առաջին հերթին վտանգներ ստեղծելով Ռուսաստանի և Իրանի համար։

Արցախյան հակամարտության ուղղությամբ Թուրքիայի սադրիչ գործելակերպի պատճառով Անկարայի վրա քիչ-քիչ միջազգային լուրջ ճնշումներ են սկսել նշմարվել։ Իսկ էրդողանյան վարչակարգի այն արդարացումները, թե իբր հայերի կողմից կռվում են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները, չեն անցնում, քանի որ նման հեքիաթներին նույնիսկ թուրք հասարակությունն է դժվարությամբ հավատում։

Արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքը ցույց տվեց, որ, ըստ էության, Թուրքիային չի հաջողվում արցախյան ուղղությամբ լուրջ հաջողություններ գրանցել։ Իսկ որպեսզի այդ երկրի նախագահ Էրդողանը սեփական հասարակությանը կերակրի կայսերապաշտական նոր հաղթանակներով, ակտիվացնում է Թուրքիայի գործողությունները մյուս ուղղություններով։ Թուրքիան կրկին Oruc Reis հետախուզական նավն ուղարկել է Միջերկրական ծովի վիճելի տարածք՝ կրկին սրելով Հունաստանի և Կիպրոսի հետ հակամարտությունը։

Պատահական չէ, որ միջերկրածովյան տարածաշրջանում ներկայացված երկրները Թուրքիայի գործողություններին հակազդելու համար հակաթուրքական կոալիցիա են ձևավորել։ Իսկ Եվրամիությունը, խոստովանելով, որ Թուրքիայի գործողություններն անհամատեղելի են Հունաստանի ինքնիշխան իրավունքների հետ, սպառնում է պատժամիջոցներ սահմանել: Ուշագրավ է նաև, որ Էրդողանն իր ագրեսիվ քաղաքականությունը փորձում է իրականացնել մահմեդական աշխարհում Թուրքիայի լիդերության շղարշի ներքո՝ ներկայացնելով, թե իբր պաշտպանում է մահմեդականների շահերը, բայց իրականում միայն թուրքական շահերն է առաջ տանում, ինչի արդյունքում բազմաթիվ մահմեդական երկրներ դուրս են եկել թուրքական նկրտումների դեմ։

Լիբիայում, Իրաքում, Սիրիայում Թուրքիայի միակողմանի գործողությունների ու ահաբեկչական որջեր ձևավորելու և ֆինանսավորելու արդյունքում այդ երկրի հեղինակությունը արաբական աշխարհում ուղղակի զրոյի է հավասարվել։

Արաբական պետությունների լիգան սպառնում է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է կիրառելու։ Իսկ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն իրենց վրա են վերցրել թուրքական քաղաքականությանը հակազդելուն ուղղված քայլերի իրականացման դերը։ Եվ գործնականում թուրքական ծավալապաշտական քաղաքականությանն արաբական երկրներից աջակցում է միայն Քաթարը, որի նկատմամբ արաբական մեծամասնությունը ևս պատժամիջոցներ է կիրառում։

Այնպես որ, Անկարայի շուրջ տարածաշրջանային օղակը շարունակում է սեղմվել, որի արդյունքում կա՛մ Թուրքիան պետք է մեկընդմիշտ հրաժարվի իր նեոօսմանական ձգտումներից, կա՛մ էլ պետք է շարունակի իր ագրեսիվ գործողությունները և Մերձավոր Արևելքում դառնա պատժամիջոցների գլխավոր հասցեատերը, որի արդյունքում թուրքական հասարակության ներսում կարող են Էրդողանի վարչակարգի դեմ ուղղված նոր հուզումներ սկսվել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս