«Ահաբեկիչների ներքաշումն այս պատերազմում ի սկզբանե Թուրքիայի և Ադրբեջանի պարտությունն է». Արարատ Կոստանյան
Միջազգայնագետ, արաբագետ Արարատ Կոստանյանի կարծիքով՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի ներքաշվելը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:
«Թուրքիան բազում դրդապատճառներ ունի. սա հստակորեն պանթուրքիստական, պանիսլամիստական, պանթուրանիստական շարժման ծրագրի տեղափոխումն է Անդրկովկաս: Թուրքիան, թեև այսօր ռազմական ներկայություն ունի Սիրիայում, բայց քանի դեռ Սիրիան իր բանակով և իր դաշնակիցներով կարողացավ 90 տոկոսով պահել Սիրիան մասնատումից, Թուրքիան այնտեղ կրեց պարտություն: Հետո փորձեց մուտք գործել Լիբիա, բայց այնտեղ էլ պարտություն կրեց: Միջազգային ասպարեզում չմեկուսանալու համար Թուրքիան փորձեց Ադրբեջանին օգտագործելով՝ մուտք գործել տարածաշրջան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Միջազգայնագետի խոսքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հնարավորինս երկարաձգել Արցախում սկսված պատերազմը. «Երբ մենք իմացանք, որ այդ ահաբեկիչները մուտք են գործում այս կոնֆլիկտ, արդեն պարզ էր, որ դա Թուրքիայի վարած քաղաքականության, պանօսմանիզմի իսպառ պարտությունն է: Այս խնդիրը սկսեց միջազգային հանրության մոտ շատ լուրջ արձագանք գտնել, երբ հստակորեն Ֆրանսիայի և Ռուսաստանի միջոցով արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ զինյալներ գոյություն ունեն: Այդ զինյալների ներքաշումն այս պատերազմում ի սկզբանե Թուրքիայի և Ադրբեջանի պարտությունն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում