Մնացականյանը հումանիտար գործողությունները սկսելու համար կայուն հրադադարի անհրաժեշտություն է տեսնում
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունն իրագործելու համար անհրաժեշտ է համարում շփման գծում կայուն հրադադարի հաստատումը: Այս մասին Մնացականյանը նշեց Մոսկվայում ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Այսօր առաջնահերթ խնդիրը կրակի դադարեցման ապահովումն է և վերիֆիկացիոն մեխանիզմների ապահովումը: Մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ կարողանանք ապահովել մեր հայտարարության առաջին կետը: Այսօր խորհրդակցություններ են գնում և ԿԽՄԿ-ի հետ, և կողմերի հետ, որպեսզի կարողանանք գտնել մեխանիզմ, երբ կկարողանանք հասնել ամուր հրադադարի, որպեսզի աշխատենք հումանիտար հարցերի ուղղությամբ: Եթե մենք չկարողանանք երկարաձգել հրադադարը, ապա այն չափազանց բացասական կանդրադառնա մնացած այլ հարցերի վրա»,- ասաց Մնացականյանը:
Անդրադառնալով վերիֆիկացիոն մեխանիզմներին՝ Մնացականյանը հավելեց, որ դրանք պետք է բավական երկար ժամանակ առաջ արդեն ներդրված լինեին, սակայն Ադրբեջանն է եղել, որ հրաժարվել է այդ մեխանիզմներից: