Ուրբաթ-շաբաթ օրերին այս շենքում ձեռք բերվեց կարևոր պայմանավորվածություն ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ, և տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը  լիարժեք չի գործում․ Լավրով

Քիչ առաջ Մոսկվայում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ ՌԴ կատարած այցի շրջանակում։ Հանդիպմանը, կողմերից բացի, ներկա էին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները։ Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ հանդիպում են պլանային բանակցությունների համար, և, որ ՀՀ ԱԳ նախարարի այցը  համաձայնեցված էր բավականին վաղուց, սակայն, բնականաբար, այն ընթանում է լուրջ ջանքերի ֆոնին, որոնցում մասնակցում են միջազգային հանրության բազմաթիվ անդամներ՝ թուլացնելու համար լարվածությունը ԼՂ հայկամարտության գոտում։

«Անցյալ ուրբաթ և շաբաթ օրերին, գոնե շաբաթ օրվա կեսը  մենք անցկացրինք այս շենքում մեր ադրբեջանցի  գործընկերոջ հետ, ձեռք բերվեց կարևոր պայմանավորվածություն ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ, և մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը դեռ լիարժեք չի գործում և ռազմագործողությունները շարունակվում են։ Մենք հույս ունենք, որ այն շփումներում, որոնցում մենք գտնվում ենք Ձեզ հետ  և մեր ադրբեջանցի հարևանների հետ,  այդ թվում՝ Պաշտպանության նախարարության գծով, թույլ կտան ապահովել այդ պայմանավորվածությունների լիակատար իրագործումը, դա համաձայնեցվել էր եռակողմ ձևաչափում։ Բացի այս, ամենաթեժ թեմայից  ենթադրվում է  երկկողմ համագործակցության լայն սպեկտրի հարցերի դիտարկում, մեր երկրների մասնակցությունը տարբեր  ինտեգրացիոն միավորումներում, միջազգային հարթակում համագործակցություն, այդ թվում՝ ՄԱԿ և ԵԱՀԿ։  Ուրախ ենք Ձեզ տեսնել, ևս մեկ անգամ բարի գալուստ»,- ասաց Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս