Անկարայի ճնշման ներքո Բաքուն խափանում է ԼՂ խնդրի շուրջ ՌԴ առաքելությունը. Վաղարշակ Հարությունյան

Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի անմիջական ճնշման ներքո խափանում են Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ Ռուսաստանի միջնորդական առաքելությունը: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, հանրապետության նախկին պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ հարցազրույցում:

Նրա կարծիքով՝ Բաքուն այդ կերպ փորձում է բարձրացնել Անկարայի դերը հակամարտության կարգավորման հարցում:

«Արցախում ներկայումս ընթանում են կատաղի մարտեր, չնայած նրան, որ ՌԴ-ի միջնորդությամբ Մոսկվայում ընդունվեց հումանիտար նպատակներով կրակի դադարեցման համաձայնություն: Դա նշանակում է, որ Անկարան ամեն կերպ ճնշում է Ադրբեջանի իշխանություններին, որոնք իրենց հերթին խափանում են ՌԴ-ի միջնորդական առաքելությունը՝ հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի դերը բարձրացնելու նպատակով»,- նշել է նա: Հարությունյանի խոսքով՝ Անկարայի ճնշման ներքո Բաքվի կողմից ՌԴ միջնորդական առաքելության խափանման վկայությունն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս հայտարարել է հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի դերի բարձրացման մասին:

«Պարզ է դառնում, որ դա Անկարայի եւ Բաքվի մշակած համատեղ ռազմավարական քաղաքականությունն է՝ նպատակամիտված ՌԴ-ի դերի նվազեցմանը եւ վերջին հաշվով լիակատար դուրսմղմանը Հարավային Կովկասից»,- հավելել է նա: Ինչպես նշել է Հայաստանի վարչապետի խորհրդականը, «այդ նպատակը կարող է ձեռք բերվել սոսկ այն դեպքում, եթե թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվի, օգտագործելով ղարաբաղյան հարցը, չեզոքացնել Հայաստանին տարածաշրջանում»:

Տեսանյութեր

Լրահոս