Հաղթելու ենք. Լոս Անջելեսի հուժկու երթն ու ցույցն աշխարհի ուշադրությունը հրավիրել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի վրա
Լոս Անջելեսում բազմահազարանոց «Հաղթանակի երթ»-ն ու ցույցը Թուրքիայի հյուպատոսության առջև Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների սանձազերծած ագրեսիայի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հզոր ձայն էր:
Հոկտեմբերի 11-ին լայնամասշտաբ բողոքի ակցիային միացել էին ինչպես ամերիկահայեր, այնպես էլ օտարազգի բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ:
Նախաձեռնության մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել, որ «Արցախը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է», «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար», «Հաղթելու ենք»:
Բողոքի ակցիայի մասնակիցների կողքին էր սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը, որին վստահվել էր ՀՀ ազգային օրհներգը հավաքվածների հետ միաձայն հնչեցնելու գործը:
Տարբեր գնահատականներով՝ խաղաղ երթին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: «Հաղթանակի երթ»-ին հայերի կողքին է եղել նաև ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որն իր «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում գրել է՝ իր համար պատիվ է եղել կանգնել հազարավոր ցուցարարների կողքին և դատապարտել Հայաստանի, Արցախի դեմ ադրբեջանցիների և թուրքերի սանձազերծած ագրեսիվ գործողությունները: Գրության վերջում նա օգտագործել է #ArtsakhStrong հեշթեգը:
ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ իրականացնող հայերն ու նրանց օտարերկրացի աջակիցները ԱՄՆ-ի կառավարությունից պահանջում են ընդունել Արցախի անկախությունը, Թուրքիային զրկել ՆԱՏՕ-ի անդամակցությունից և դադարել որևէ ֆինանսական կամ ռազմական աջակցություն ցույց տալ Ադրբեջանին և Թուրքիային: