«Մեծ հաշվով Ադրբեջանն ու Թուրքիան թքած ունեն Մոսկվայում կայացրած որոշման վրա». Փորձագետ

Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում  Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին հումանիտար  հրադադար հաստատելու վերաբերյալ՝ դիերի և գերիների փոխանակման համար։

Ժամը 12։00-ին ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ  Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։ Այս գրառումից րոպեներ անց, Շ. Ստեփանյանը գրեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։ Նաև տեղեկացնելով, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։

Նշենք նաև, որ այդ ընթացքում հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է։

168.am հետ զրույցում Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանն իր համար մանրևելու տեղ էր թողել, որի  մասին բարձրաձայնել է։

«Ես բարձրաձայնել եմ այդ մարդասիրական հրադադարի ձևակերպումը կամ ձևը, այսինքն՝ այն վայրերում, որտեղ կան զոհերի մարմիններ կամ գերիներ, այդ հատվածներում կարող է մի պահ դադարել կրակը, որպեսզի փոխանակում լինի, բայց այն հատվածներում որտեղ նման խնդիր չկա, չի կարող կրակը դադարել։ Այսօր Ադրբեջանն օգտվում է հենց այդ առիթից։ Մյուս կողմից էլ՝ պետք է նայենք, թե ինչ է իրականացնում Ադրբեջանը ՀՀ-ի տարածքում, սա արդեն բացահայտ սադրանք է, որն իրականացնում է Թուրքիան, քանի որ այդ երկրի արտաքին գործերի նախարարի հայտարարությունից հետո արդեն տեղի ունեցան այս սադրանքները։ Ստացվում է, որ սա դուրս է գալիս միայն Հայաստանի խնդիրը լինելու սահմաններից։ Մեծ հաշվով, Ադրբեջանն ու Թուրքիան թքած ունեն Մոսկվայում կայացրած որոշման, համաձայնության վրա»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հայկական դիվանագիտությունը պետք է աշխատի այն ուղղությամբ, որ Մոսկվան արդեն բացահայտ իր ասելիքն ասի, քանի որ, եթե Մոսկվան տվյալ դեպքում հանդես է եկել՝ որպես միջնորդ կողմ, և նրա խոսքը չի հարգվել, դրա մասին պետք է ասել։

«Ռուսաստանը  մեզ համար ռազմավարական դաշնակից  է և պետք է հստակ հասկանանք այն ակնկալիքները, որոնք կարող ենք ունենալ, և այն գործողությունները, որոնք  կարող է իրականացնել Ռուսաստանի Դաշնությունը»,- հավելեց փորձագետը։

Անդրադառնալով Թուրքիայի գործոնին և Հայաստանի սահմաններին իրականացրած ռազմական ագրեսիային՝ Կարեն Հովհաննիսյանն ասաց. «Կոպիտ է հնչում, բայց այդպես է՝ Թուրքիան բացահայտ թքում է Ռուսաստանի երեսին։ Աշխարհն էլ գիտի, որ տարածաշրջանում Ռուսաստանն է խաղացողը, և նա մեծ դերակատարություն ունի։ Երեկվա ամբողջ գործողությունները հենց դրա մասին էին վկայում։ Իսկ այսօրվա գործողությունը, որն իրականացրեց Ադրբեջանը Թուրքիայի ձեռամբ, դա արդեն խոսում է այն մասին, որ, մեծ հաշվով, Թուրքիան Ռուսաստանի համար խնդիրներ է ստեղծում»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս