
«Ինտենսիվ մարտական գործողությունների պայմաններում շատ հաճախ գերի ունենալու հավանականությունը բացառված չէ». Արծրուն Հովհաննիսյան

Տեղեկություններ կա՞ն, թե հակառակորդի սպառազինության մեջ որքա՞նն է Ադրբեջանինը, որքա՞նը՝ Թուրքիայինը, որոնք այսօր կիրառվում են Արցախում մարտական գործողություններին:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ կան նման տեղեկություններ:
«Մեծ մասն ադրբեջանական սպառազինություն է՝ խորհրդային ռուսական արտադրության, որից նաև օգտվում ենք մենք, որոշակի տոկոս պատկանում է իսրայելական սպառազինությանը, հատկապես բարձր տեխնոլոգիական: Այդ նույն ոլորտում կա նաև թուրքական հետքը»,-նշեց նա` հավելելով, որ թուրքական մասնաբաժին կա նաև սովորական սպառազինությունների մեջ` ցամաքային զորքերի հրետանային միջոցներ, տարբեր տեսակի արկեր, հրաձգային զենքեր:
Անդրադառնալով վիրավորված զինծառայողներին, Հովհաննիսյանը ընդհանուր թվային տվյալ չասաց, սակայն վստահեցրեց, որ նրանց մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք, ինչը չափազանց լավ ցուցանիշ է կոնֆլիկտների ժամանակ, հատկապես երբ կողմերը հրետանային միջոցներ կիրառում են շատ խիտ:
Դիտարկմանը, թե տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմում հայ գերի կա, Հովհաննիսյանն արձագանքեց` հստակ տեղեկություններ չունի, բայց ինտենսիվ մարտական գործողությունների պայմաններում շատ հաճախ գերի ունենալու հավանականությունը բացառված չէ: