«Ինչպես առաջին պատերազմի ժամանակ հայտնի գեներալներից մեկն ասել է՝ մեր բուշլատներով հաղթանակը ձեր կոստյումներով չպարտվեք». Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ այլ պարագայում հասկանալի կլիներ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների չեզոքությունը, բայց ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարության դեպքում չեզոքությունը, ըստ նրա՝ խիստ ադրբեջանահաճո էր:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ նշվել էր, որ համանախագահող երկրները հաստատակամ են լիովին իրականացնել իրենց վրա դրված ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Նաիրա Կարապետյանն ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ֆրանսիան հայտարարում է, թե ունի անհերքելի փաստեր Սիրիայից վարձկանների տեղափոխման, Թուրքիայի մասնակցության վերաբերյալ, նույնը հաստատում է Ռուսաստանը, և այս պայմաններում գոնե դա չնշել և ստորագրել հայտարարության տակ, ըստ նրա՝ նշանակում է՝ գնալ Ադրբեջանի շանտաժին. «Այս հայտարարությունը որևէ կերպ չէր նպաստում խաղաղության հաստատմանը, բայց նաև լիահույս եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նպատակ են դրել ամեն գնով դադարեցնել կրակը և նստել բանակցային սեղանին. Այդ կտրվածքով դա հասկանալի էր: Սակայն, այդ հայտարարությունը, թե՝ ՄԽ այլ անդամ երկրների աջակցությամբ, խորը մտահոգություն է Թուրքիայի պահով: Թուրքիան մասնակից է, շահագրգիռ է, այսօր իրենց հռչակում է՝ իբրև հակամարտության սուբյեկտ, Էրդողանն անգամ հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանին աջակցել ամեն ինչով, ներառյալ՝ զենք-զինամթերք և մարդկային ուժ: Այս պարագայում պետք է հարցը խիստ դրվի ԵԱՀԿ ՄԽ-ից Թուրքիային ընդհանրապես օտարելու, ոչ թե նրա աջակցությանը դիմելու»:

Դիտարկմանը՝ բայց անգամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիա կատարած այցի ժամանակ հորդորեց Թուրքիային՝ օգտագործել իր զգալի ազդեցությունը՝ թուլացնելու լարումը, նա այսպես արձագանքեց. «Թուրքիայի շանտաժն աշխարհի հանդեպ ունի տարիների պատմություն, Թուրքիան տարբեր հարթակներում միշտ շարժվել է շանտաժի և ֆինանսական կախվածության ճանապարհով: Շատ բաներ Թուրքիային ներվել է՝ հենց ելնելով նրանից, որ նա բավականին հարուստ պետություն է և կարողանում է մեծ կազմակերպությունների համաֆինանսավորող հանդիսանալ: Բայց այսօր հանդուրժելով Թուրքիայի այս պահվածքը՝ Եվրոպան ինքն է կանգնում պրոբլեմի առաջ»:

Ըստ նրա՝ Ռուսաստանը վերջին օրերին ավելի տեսանելի է դարձրել իր քայլերը. «Երեկ Վլադիմիր Պուտինի կողմից հնչեցված արտահայտությունը, որ Ռուսաստանը ունի պարտավորություններ Հայաստանի հանդեպ, և դա անպայմանորեն կատարելու է, պետք է սթափեցներ Ադրբեջանին և Թուրքիային»:

Արցախյան հակամարտության լուծումը, ըստ նրա, կլինի ազդեցիկ պետությունների կողմից Արցախի անկախության ճանաչումը:

«Հայաստանի դիվանագիտական աշխատանքը լինելու է ահռելի բարդ: Փառք Աստծո, ամեն ինչ գնում է նրան, որ շուտով կհաստատվի հրադադար: Քայլերի վերլուծությունը բերում է նրան, որ հրադադարին մնացել են հաշված օրեր, դրանից հետո լինելու է ահռելի ծանր դիվանագիտական աշխատանք: Ինչպես առաջին պատերազմի ժամանակ հայտնի գեներալներից մեկն ասել է՝ մեր բուշլատներով հաղթանակը ձեր կոստյումներով չպարտվեք, հիմա այդ կոստյումների ժամանակն է գալու: Մեր թիվ մեկ խնդիրն է՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ֆորմատը չփոխելը, երկրորդ՝ բանակցային սեղան այլ կեցվածքով ներկայանալ»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս