1 միլիարդ դոլար՝ Արցախի համար․ ՏՏ ընկերությունները սկսել են արշավ

Հայկական տեղեկատվական ոլորտի ընկերությունները շարունակում են խոշոր դրամական աջակցություն ցուցաբերել Արցախին։ Սոցցանցերում սկսվել է «1 միլիարդ դոլար՝ Արցախի համար» ակցիան։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռենդերֆորեսթ» ընկերությունը տրամադրել էր 10 միլիոն դրամ, իսկ «Կրիսպը»՝ 25 միլիոն դրամ։

PicsArt-ի գլոբալ թիմը 100 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել Հայաստանում և Արցախում՝ ի աջակցություն մարդասիրական օգնությանը նվիրված տարաբնույթ իրագործումների: «Հուսով ենք, որ այսօրինակ միջոցների և մեր թիմի կամավորական ջանքերի շնորհիվ կկարողանանք մեր նպաստը բերել երկրում խաղաղության և անվտանգության հաստատմանը»,- ասված է ընկերության հայտարարությունում։

Հայկական ՏՏ համայնքի ակտիվ ներկայացուցիչներն անհատապես են միանում Համահայկական ֆոնդին կատարվող նվիրաբերություններին։

Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի անդամ Արամ Ջիվանյանը և Աննա Մամիկոնյանը տրամադրել են 5 միլիոն դրամ։ Արամ Ջիվանյանի խոսքով՝ 10 հազար դոլարը նոր Սու-30-ի համար է, իսկ 100 դոլորը՝ զինվորների համար սնիկերս գնելու։

Ռուսաստանից ևս միանում են այս արշավին։ Հայ հիմնադիր ունեցող BRlab-ը տրամադրել է 55 միլիոն դրամ։

100 միլիոնական դրամ են տրամադրել նաև Ամերիա բանկը և Ինեկո բանկը։

ԱՄՆ Bay Area-ի համայնքն ավելի քան 100 միլիոն դրամ է փոխանցել և շարունակում է փոխանցել։

ԱՄՆ-ում ապրող և աշխատող ՏՏ համայնքի ներկայացուցիչները կրկնապատկում են բոլոր այն փոխանցումները, որոնք կատարվում են։

Խոշոր չափի դրամական աջակցություն են տրամադրել նաև 10web, Zoomerang, Simply, SmartClick, Hilearn, Ucraft, Ovak technologies, Preezma,The Softwar development company,Dexatel, Sissoft, «Վիէմուեր» աշխատակազմ, SuperAnnotate, X-SOFT, JS Conf Armenia, WIC, We Construct, MentorcliQ, PLAT.AI, Adrack, Hex Division, Flux Technologies, List.am, InConcept Labs, BoomTech և մի շարք այլ ընկերություններ։

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները աջակցում են Արցախին ոչ միայն ֆինանսապես։ Fimetech  ընկերության հիմնադիր Գոռ Վարդանյանը նշում է, որ վճարելու է իր ընկերության կամավորագրված աշխատակիցների  ամբողջ աշխատավարձը՝ սովորականի նման։

«Մենք, գիտակցելով, որ բիզնեսը կարևոր դեր ունի պատերազմի ժամանակ, մանավանդ երկարաժամկետ պատերազմի ժամանակ, պատվիրատուներին և գործընկերներին վստահեցրել ենք, որ մեր թիմերը կաշխատեն նույն արդյունավետությամբ։

Սակայն գիտակցում ենք նաև, որ մեր երկրի համար առաջնային և կարևորագույն հարցը պաշտպանությունն է և հաղթանակի ամրագրումը։

Ուստի Չեսիֆայ և Ֆայմտեք ընկերությունների բոլոր այն աշխատակիցներին, ովքեր կամավոր կգնան առաջնագիծ և/կամ կզինակոչվեն, պահպանվելու է իրենց աշխատատեղերը, աշխատավարձերը վճարվելու է նույն ձևով, և իրենց ընտանիքները ստանալու են բոլոր հնարավոր աջակցությունները մինչև հաղթանակը, անկախ նրանից, թե ինչքան ժամանակ կպահանջվի հաղթանակը ամրագրելը։

Նույն խմբին են վերաբերելու այն աշխատակիցները, ովքեր կմասնակցեն մասնագիտական մոբիլիզացիային, և իրենց մասնագիտական կարողությունները կուղղորդեն երկրի պաշտպանությանը և/կամ հաղթանակին»,- նշում է Գոռ Վարդանյանը։

Այս պահի դրությամբ տեխնոհամայնքը հավաքել է մոտ 790 միլիոն դրամ:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս