Երևանի ավագանին 1 մլրդ 825 մլն դրամ հատկացրեց 100 փոքր ավտոբուսների գնման համար. «Լույս» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում փոփոխություն կատարվեց ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 186-Ն որոշման մեջ: Համաձայն փոփոխության՝ 100 ավտոբուսների գնման մրցույթում հաղթող ճանաչված «Մուլտի Մոթորս» ՍՊԸ նախատեսվող պայմանագրային պարտավորությունների հետագա ընթացքն ապահովելու նպատակով՝ Երևան համայնքի 2020 թվականի բյուջեում՝ «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում, նախատեսվեց 1 մլրդ 825 մլն դրամ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց:
«Դուք գիտեք հարցի վերաբերյալ մեր տեսակետը, սակայն, ելնելով պահի դրությունից, իմաստ և կարիք չկա այս պահին դա արտահայտելու և ֆիքսելու: Նույն պատճառից ելնելով՝ մենք որոշել ենք հարցի որոշումը թողնել ձեր հայեցողությանը և քվեարկությանը չմասնակցել»,- ասաց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ին ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարն ասուլիս էր հրավիրել և պնդել, որ այն ավտոբուսները, որոնք ցանկանում է գնել Երևանի քաղաքապետարանը, ոչ թե ավտոբուս են, այլ գազել, ավելի գեղեցիկ ու հարմար, բայց, միևնույն է, գազել են: Մրցույթում հաղթեց ԳԱԶ A68R52 մակնիշի ավտոբուսը, հենց այն, որի մասին այդ ասուլիսում խոսում էր Խաժակյանը: Ավելին, նախորդ տարի Երևանի քաղաքապետարանը ներկայացրել էր բրիտանական WYG խորհրդատվական ընկերության կողմից կազմված տրանսպորտային նոր ցանցի նախագիծը, ըստ որի՝ մայրաքաղաքը սպասարկող ամենափոքր ավտոբուսը պետք է տեղափոխի 45-55 ուղևոր: Մրցույթում հաղթած ավտոբուսը տեղափոխում է առավելագույնը 22 մարդ՝ մոտ 2 անգամ քիչ, քան նախատեսված է նախագծով:
Նշենք նաև, որ «Մուլտի Մոթորս» ընկերությունը պատկանում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: